ՇԵՅԽԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ՀԱՅԻՆ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ արաբ շեյխին է նվիրվել Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մոտ գտնվող 148 հա անտառը: Այն անհատույց եւ անժամկետ տրվել է «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը: Մեզ զանգահարած Տավուշի մարզի մի բնակիչ պատմեց, որ ինքը չորս տղա երեխա ունի եւ տարիներ շարունակ դիմել է կառավարությանը իրեն մի հողատարածք տրամադրելու համար: Վերջինիս չեն ընդառաջել, իսկ արաբ շեյխին անհատույց եւ անժամկետ անտառ են նվիրել:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անտառներն արաբներին նվիրելու փաստը հիմնավորել է այն հանգամանքով, որ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ»-ն այդ գյուղում կառուցելու է քաղցրահամ եւ հանքային ջրերի շշալցման գործարան, ուստի շատ կարեւոր է, որպեսզի անտառները պահպանվեն անօրինական հատումներից ու պատահական հրդեհներից, քանի որ կարեւոր նշանակություն ունեն հանքային ջրերի պաշարների կուտակման համար:
Այս փաստը շատ է վրդովվեցրել Տավուշի մարզի բնակիչ Դավիթ Սահակյանին. «Ես չորս տղաների հայր եմ, սահմանամերձ գյուղում եմ բնակվում: Համայնքի ավագանուն եմ դիմել` 1000 մ տնամերձ հողամաս անհատույց նվիրելու խնդրանքով,  ու ինձ պատասխանել են, որ կառավարության որոշումով անհատույց չեն կարող տրամադրել եւ նվիրատվություն չեն կարող կատարել, կարող եք աճուրդային եղանակով մասնակցել: Ու էսօր կարդում եմ, որ շեյխին անհատույց անտառ են նվիրել, իսկ սահմանամերձ գյուղի ապագա չորս զինվորի ընտանիքին ասում է` արի՛, աճուրդային եղանակով մասնակցի՛, դա արդա՞ր է՝ ըստ Ձեզ»:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը բոլոր գերատեսչություններին դիմել է, որպեսզի իր նորաստեղծ ընտանիքին տուն տրամադրեն, վերջինս  չի ցանկանում հեռանալ իր գյուղից` Դիտավարից, չնայած որ այն սահմանամերձ է: Դավիթն ուզում է իր զավակներին իր հայրենի գյուղում մեծացնել եւ հայոց բանակին արժանի զինվորներ տալ, սակայն նրան  չեն կամենում աջակցել. «Իմ ընտանիքը 39.500 դրամ նպաստ է ստանում, սակայն ես չեմ կարող այդ նույն գումարով ե՛ւ իմ ընտանիքը պահել, ե՛ւ բնակարան ձեռք բերել»:
«Իմ տղաները վաղը, մյուս օրը եթե գնան բանակ, իրենք գնալու են հայոց սահմանները պահե՞ն, թե՞ գնալու են արաբ շեյխի անտառները պաշտպանեն, ես չեմ ուզում թողնեմ իմ երկիրը, գնամ Ռուսաստանի Դաշնություն, ես ուզում եմ իմ բնօրրանում մնամ… ուզում եմ իմ 4 տղան այս տարածքում լինեն, ես հիմա Իջեւան քաղաք եմ տեղափոխվել, չունեմ բնակարան, իսկ իմ հայրական տանը 6 հոգի են ապրում, եւ եթե իմ ընտանիքն այնտեղ ապրեր, հնարավոր չէր լինի, կդառնայինք 12 հոգի, եւ տեղ էլ չկար ապրելու համար: Դրա համար ես իմ ընտանիքի հետ ստիպված տեղափոխվել եմ Իջեւան»,-ասաց մեր զրուցակիցը:
Դավիթը վիրավորված է, որ իրեն եւ իր ընտանիքին չեն օգնում լուծել բնակարանային հարցը. «Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ես նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ ձայնը տվել եմ իշխող կոալիցիայի օգտին` ակնկալելով, որ բարեփոխումներ կլինեն, սակայն ես այսօր շատ հիասթափված վիճակում եմ… Իմ զավակները` Արծրունին, Սահակը, Նորիկն ու Սարգիսը, պետք է մեծանան հայրենի հողում, եւ ես հիասթափվել եմ, որ իմ զավակների համար ես չեմ կարող նորմալ պայմաններ ստեղծել»: Այնուամենայնիվ, Դավիթ Սահակյանը դեռեւս հույս ունի, որ իր ընտանիքին կաջակցեն եւ բնակարան կտրամադրեն` իր որդիներին բարվոք ապագա ապահովելու համար:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Դեռեւս 2010թ. փետրվարի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Արտավազ գյուղում 95 հա հողատարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Կառավարությունը մի ամբողջ գյուղի բնակիչներից հող խլեց եւ նվիրաբերեց  արաբ շեյխին: Ներկայացված պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօրվա կառավարությունն ամեն ինչ անում է, որ ժողովուրդը հիասթափվի եւ հեռանա երկրից: Ինչպես ՀՀ վարչապետն էր ժամանակին հայտարարել. «Ի՞նչ անենք, թողնենք` դժգոհող զանգվածը մնա եւ հեղափոխությո՞ւն անի»: Փաստորեն, այդ խոսքերն արդեն իրագործվում են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս