ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ տարեվերջ  Տավուշի մարզի բոլոր 81 հանրակրթական դպրոցներում պետք է կայանան դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթներ: Կրթօջախների մեծ մասում դրանք արդեն կայացել եւ անցել են առանց մրցակցության, վերընտրվել է գործող տնօրենը: Վերջինս  սովորաբար Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Առհասարակ Տավուշի մարզի դպրոցների տնօրենների մեծամասնությունը Հանրապետական կուսակցության անդամ է, միայն մի քանիսն են  «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ անդամներ: Դպրոցների տնօրեններն ընտրվում են դպրոցների կառավարման հավաստագիր ունեցող անձանցից` դպրոցների կառավարման խորհրդի կողմից: Այդ խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, այնտեղ 2-ական ներկայացուցիչ ունեն տվյալ համայնքապետարանը, դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, մեկական` մարզպետարանը եւ կրթության ու գիտության նախարարությունը: Քանի որ համայնքապետարանները մեծամասամբ «ընդունում են» այս հարցում մարզպետի կարծիքը, վերջինս ԿԳՆ ներկայացուցչի աջակցությամբ հարցը լուծում է իր հայեցողությամբ: Տավուշի մարզի շատ դպրոցների տնօրեններ անհաղորդ են տեխնիկական առաջընթացին, չեն կարողանում ինտերնետից օգտվել, ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ դժվարանում էին անջատել իրենց բջջային հեռախոսները: Սակայն դպրոցների տնօրեններն ընտրվում են բոլորովին այլ չափանիշով, այն հաշվարկով, թե գարնանը որքան «ձայն կբերեն»  Հանրապետական կուսակցությանը: Արդյունքում` մարզի բազմաթիվ դպրոցներում կրթության որակը եւ արդյունքները մտահոգիչ են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս