«ԾՆՈՂՆԵՐՍ ՀԱՄԱՐՅԱ ՉԵՆ ՕԳՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ երգչուհի Լանա Խաչատրյանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժինը: Առաջին քայլերը սկսել է «Դո ռե մի» ստուդիայից, 3-4 տարի եղել ստուդիայի կազմում: Վերջին շրջանում Լանային հազվադեպ ենք տեսնում էկրաններին, իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ երգչուհին այսուհետ գերադասում է հադես գալ միայն կենդանի նվագախմբով համերգներին:
-Վերջին շրջանում ես հիմնականում մասնակցում եմ կենդանի համերգներին, դրանք ինձ համար շատ կարեւոր են: Էնպես չէ, որ ես վատ եմ վերաբերվում կամ մերժում եմ նախագծերին մասնակցությունս, բայց նախընտրում եմ ելույթ ունենալ այն համերգներին, որտեղ հնարավոր է երգել կենդանի: Դեկտեմբերի 19-ին էլ Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին եմ պատրաստվում:
-Կենդանի երգելը պայմանավորված է նրանով, որ ինչ-որ բա՞ն եք ուզում ապացուցել հանդիսատեսին:
-Բոլորովին, ապացուցելու խնդիր չկա: Ժամանակին բոլորն էին կենդանի երգում: Ես հասկացել եմ, որ ճիշտ չէ, երբ պարբերաբար երգում ենք ձայնագրություններ, ես իմ մասին եմ ասում: Երբ սովորում ես անընդհատ ձայնագրությամբ երգել, հետո կենդանի կատարելիս խնդիրներ ես ունենում, կարծես հետ վարժված լինես:
-Մանկական «Եվրատեսիլ» մրցույթում Ձեզ ընտրել էին ժյուրիի անդամ, ի՞նչ սկզբունքով:
-Կարծում եմ` այդ հարցը ինձ չպետք է տաք, այլ կազմակերպիչներին: Հետո դա մանկական «Եվրատեսիլ» էր, եւ կարող էր լինել երիտասարդ մեկը: Գուցե հրավիրողները հաշվի են առել, որ ես բազմաթիվ միջազգային մրցույթների եմ մասնակցել, շփվել եմ տարբեր մշակույթների հետ: Համենայնդեպս, ես մեծ սիրով եմ համաձայնել եւ պատասխանատվությամբ եմ մոտեցել այդ հարցին:
-Դուք նաեւ «Հարս» հանդեսի գլխավոր խմբագիրն եք, բայց որքանով տեղյակ եմ, հիմա այն չի տպագրվում: Ամսագիրն այլեւս չկա՞:
-Կա, պարզապես ժամանակավոր դադարեցրել ենք աշխատանքները: Ես բնույթով մաքսիմալիստ եմ եւ իմ զբաղվածության պատճառով հանդեսի աշխատանքները տուժում էին, ճիշտ կլիներ` ժամանակավոր դադարեցնեի:
-Նախքան Ձեր` խմբագիր դառնալը, «Հարս» հանդեսը Մայք եւ Կարին Ակյաններն էին ղեկավարում, հետո իմացանք, որ Դուք եք ստանձնել խմբագրի պաշտոնը:
-Մայքն ու Կարինը պետք է մեկնեին ԱՄՆ եւ ինձ վստահեցին այն գործը, որի համար իրենք ջանք չէին խնայել ու մեծ սիրով էին արել: Մենք էլ փորձեցինք, պահպանելով իրենց ստեղծած ավանդույթները, ավելացնել մերը:
-Նշեցիք, որ Ակյանները պետք է մեկնեին, դրա համար են Ձեզ վստահել այդ գործը: Բայց ես խոսակցություններ էի լսել, թե Ձեր հայրը դեմ է եղել, որ երգեք, ու այդ պատճառով էլ գնել է Ձեզ համար այդ ամսագիրը, որ զբաղվեք դրա աշխատանքներով:
-Վստահել ասելով` նկատի ունեի, որ ինձ առաջարկեցին, ավելի ճիշտ` ծնողներիս էին առաջարկել վաճառել: Ես շատ ավելի հետո եմ իմացել դրա մասին: Իսկ հորս մասին էլ այդ խոսակցությունները քիչ, թե շատ մոտ են ճշմարտությանը, որովհետեւ նա ժամանակին իսկապես չէր ուզում, որ ես երգեի: Կարծում էր, որ դա զբաղմունք էր: Բայց հիմա, փառք Աստծո, ամեն ինչ այլ է, անգամ հպարտանում է ու մեծ սիրով է ասում այն մասին, որ իր աղջիկը երգչուհի է:
-Դուք չեք երգում նաեւ ակումբներում, ռեստորաններում, Ձեր ֆինանսները բավարա՞ր են:
-Սկզբունքային առումով չեմ երգում, բայց բոլորովին դեմ բան չունեմ: Այսօր շատերիս հայտնի մեր լավ ձայներ ունեցող երգիչները ժամանակին երգել են ռեստորաններում: Կարծում եմ` երգիչը պետք է ի սկզբանե հնարավորություն ունենա, որ չդիմի այդ ճանապարհին: Բոլորս էլ հասկանում ենք` ինչու են մարդիկ երգում ռեստորանում: Պարզ է, որ դա այդքան էլ հաճելի չէ երգչի համար: Երբ երգիչը երգում է բեմում ու իրեն լսում է հանդիսատես, դա այլ է, երբ երգում է ռեստորանում, որտեղ մարդիկ ուղղակի ուրախանում են կամ հաց ուտում, բնական է, որ որեւէ երգչի դա դուր չի գալիս: Ուրախ կլինեմ, որ մեր բոլոր երգիչները չունենան դրա կարիքը: Չնայած գիտեմ, որ հիանալի ձայներ կան ակումբներում ու ռեստորաններում:
-Ձեր բախտն այնքանով է բերել, որ ֆինանսական խնդիրներ չունենալով`  ստիպված չեք եղել աշխատել ակումբում կամ ռեստորանում:
-Ես ասել եմ, չնայած գիտեմ, թե ինձ մարդիկ ինչքան չեն հավատում: Իմ ծնողներն այս բնագավառում ինձ համարյա թե չեն օգնել: Պարզ է, երբ մարդիկ դեմ են, ֆինանսապես էլ չեն ցանկանա օգնած լինել: Շատ դանդաղ քայլերով, բայց ինքս եմ առաջ գնացել` առանց որեւէ մեկի աջակցության ու օգնության:
-Կարծիք կա, որ Դուք Ձեզ հեռու եք պահում շոու բիզնեսի ներկայացուցիչներից:
-Չեմ կարծում, որ ես գոռոզ մարդ եմ, բայց տեսակով էլ շատ շփվող չեմ, ուղղակի բամբասանքներից հնարավորինս խուսափելու համար քիչ եմ շփվում:
-Իսկ ի՞նչ բամբասանքներ եք լսել:
-Տարիներ առաջ ես միամտաբար կարծում էի, որ առանց կրակ ծուխ չի լինում, բայց հիմա միանշանակ ասում եմ, որ առանց կրակ այնպիսի ծխեր են լինում: Լսել էի, որ «Հարս»-ը վաճառել եմ, ամուսնացել ու նշանվել եմ: Մի տարբերակի համաձայն` նշանածս ԱՄՆ-ից է, մյուս մասն էլ պնդում է, որ Մոսկվայից է: Կրկին ու կրկին ասում եմ` նման բան չկա:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս