«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Մինսկում կայանալու է Մաքսային միության եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները: Բելառուսի նախագահի նստավայրից հայտնել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման մասին տեղեկություն չկա: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ չնայած Հայաստանը չի մասնակցում Մինսկում կայանալիք նիստին, բայց աշխատանքները՝ «ճանապարհային քարտեզի» ուղղությամբ, տարվում են: Սակայն ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Եկեք սպասենք արդյունքներին եւ վաղը կայանալիք հանդիպմանը, որտեղ Սերժ Ազատովիչը եւս մասնակցություն է ունենալու»: Հետաքրքիր է՝ ո՞վ է ավելի տեղեկացված ՀՀ նախագահի այցի մասին. ՀՀ արտգործնախարարությունը, թե՝ ՌԴ տրանսպորտի նախարարը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: