Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելին, որ ռուսաստանյան զորքերը չեն հատի Ուկրաինայի սահմանը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, երկու նախարարների հեռախոսազրույցից հետո այս մասին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Վերջինիս խոսքով, երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են Ուկրաինային վերաբերող խնդիրների լայն շրջանակ», և Հեյգելը, մասնավորապես, խնդրել է իր զրուցակցին` «պարզաբանել Ռուսաստանի մտադրությունները Ուկրաինայի արևելքում»:
«Նախարար Հեյգելը ընդգծել է, թե որքան վտանգավոր է մնում իրավիճակը, և ցանկություն է հայտնել արժանավայել ելք գտնել», – հայտնել է Քիրբին:
Պենտագոնի ղեկավարը խնդրել է իր ռուսաստանյան գործընկերոջը աջակցել արևելյան Ուկրաինայում պահվող յոթ ԵԱՀԿ դիտորդների ազատ արձակման հարցում: