IT MASTER elektronics-ի տնօրենը նախորդ տնօրենի արարքների համար պատասխան չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Քրիստինե Սաֆարյանը դարձել է IT MASTER-ի զոհը` բառի ամենալայն իմաստով:

Armlur.am-ին դիմած քաղաքացին հայտնեց, որ դեռևս երկու տարի առաջ այցելում է Կիևյան 5 հասցեում գտնվող IT MASTER էլեկտրոնիկայի խանութ-սրահ` ապառիկ ձևակերպմամբ համակարգիչ գնելու նպատակով:

Այստեղ քաղաքացուն ուղարկում են «Անելիք բանկ», որտեղ հաստատում և տալիս են համապատասխան թույլտվությունը:

IT MASTER-ում մեզ ասում են, որ բանկից կփոխանցվեն համապատասխան վճարումները, ու հայտնում են, որ պետք է մի քանի օր սպասենք, քանի որ իրենց մոտ այդ ժամանակ մեր ուզածը չկար: Հետո այդ մի քանի օրը դառնում է 1 ամիս: Անընդհատ տանում-բերում են: Վերջում էլ հայտնում են, թե իրենց խանութը չի ցանկանում մեզ հետ համագործակցել»,- հայտնեց քաղաքացին` միաժամանակ նշելով, որ մերժումը խանութում ոչ մի կերպ չեն պարզաբանել:

Պատմության ամենաանբացատրելի դրվագը, սակայն, առջևում է: Երկու ամիս առաջ Սաֆարյանն «Անելիք բանկից» զանգ է ստանում և հայտնում, որ IT MASTER-ը վերցրել է վարկը, բանկը մարումները պարտաճանաչ փոխանցել է, սակայն վերջին երկու ամսում չփոխանցելու հետևանքով Քրիստինե Սաֆարյանի վարկային պատմությունը ընկնում է սև ցուցակ:

«Փորձեցինք տնօրենի հետ խոսել, ով անընդհատ հետաձգում էր հանդիպումները, հետո էլ ընդհանրապես կորչում է: Իսկ հիմա խանութը դարձել է ուրիշ կազմակերպություն` IT MASTER-ից IT MASTER elektronics, որը բացարձակապես այլ կազմակերպություն է` ունի ուրիշ տնօրեն, ուրիշ աշխատանքային անձնակազմ և պատասխանատվություն չի կրում նախորդ ֆիրմայի տնօրենի արարքների համար:

Փաստորեն, հիմա ոչ ընկերությունը կա, ոչ ընկերության տնօրենը: Անունը փոխվել ա, օրենքը փոխվելա, տնօրենն էլ ասում ա` էկել եմ, խանութն արենդայով վերցրել եմ: Ես իմ ֆիրման բացել եմ, նորից տեխնիկայի գործ եմ անում, բայց նրա հետ կապ չունեմ»,- ներկայացրեց տուժող քաղաքացին` հայտնելով նաև, որ ինքը ավելի քան 12 տարվա պարտաճանաչ վճարումներով իրականացրած վարկային պատմություն ունի, ինչը թյուրիմացության պատճառով հօդս է ցնդում:

Armlur.am-ը փորձեց իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ տեխնիկայի խանութ-սրահից, որտեղ մեզ հայտնեցին, որ իրենք մենեջեր չունեն, իսկ տնօրենն էլ, պարզ չի, երբ է գալիս սրահ, երբ` գնում:

«Մենք մեր տնօրենի անձնական համարն էլ չունենք ու չգիտենք` երբ կգա»,- ասացին տեղեկատվական բաժնից:

Տաթև Հարությունյան




Լրահոս