«Օրինաց երկիր» խմբակցությունը Ազգային Ժողովի նախագահի ընտրությանը մասնակցելու հարցում պատգամավորների առջև որևէ արգելք չի դրել: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, թե ինքն անձամբ կմասնակցի քվեարկությանը, իսկ մյուսներն ազատ են իրենց որոշումներում:
«Խմբակցությունը որոշել է ազատ թողնել քվեարկությանը մասնակցելու որոշումը: Եվ մասնակցությունն է ազատ թողնվել, և թե ում կընտրեն», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով, խորհրդարանի նախագահի երկու ներկայացուցիչներն էլ արժանի թեկնածուներ են:
«Ինքս երկար տարիներ աշխատելով Գալուստ Սահակյանի հետ, կարող եմ ասել, որ նա արժանի թեկնածու է, մեծ փորձ ունի: Լավ ճանաչում և գնահատում ենք: Հրանտ Բագրատյանն էլ նախկին վարչապետ է եղել, տնտեսագիտության մեծ փորձ ունի, նա էլ է արժանի թեկնածու», – վստահեցրեց Մարգարյանը:
Անդրադառնալով հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշմանը, նա նշեց, թե իրենք որոշել են չմասնակցել աշխատանքներին, քանի որ ընդդիմության չորս ուժերի ներկայացուցիչներն էլ չմասնակցելու որոշում են կայացրել: