Հայաստանը չի խուսափի ՌԴ դեմ պատժամիջոցների հետևանքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի 7 քաղաքացու և 17 ընկերության հանդեպ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին:

Միաժամանակ, պատժամիջոցների ցանկն ընդլայնելու մասին հայտարարել է նաև Եվրամիությունը: Ամերիկյան պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի ներկայացուցիչները: Նրանց թվում է «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սենչինը:

Հաշվի առնելով, որ «Ռոսնեֆթը» նախորդ տարի հայտարարեց «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու մասին,  armlur.am-ը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց`  հնարավոր է՝ այս պատժամիջոցներից հետո ընկերությունը հրաժարվի Հայաստանում ներդրումներ անել: Սաֆարյանը դա չբացառեց:

-Պարո՛ն Սաֆարյան, բայց պատժամիջոցները միայն քաղաքական բնույթի են և ոչ տնտեսական:

-Դա կարևոր չէ: Այդ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան ՌԴ-ի տնտեսության վրա և այնպիսի պատժամիջոցներ չեն, որ միայն քաղաքական հետևանքներ հարուցեն: Դրանք անպայման   մեր տնտեսության վրա բացասաբար ազդելու  են: Ես ընդամենը մի օրինակի մասին եմ խոսում:

-Այսինքն` Մաքսային միության անդամակցությունից հետո մեր այն սպասելիքները, թե Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ կանի, հօ՞դս են ցնդում:

-Իհարկե, ՌԴ-ն հիմա հայտնվում է վատ վիճակում, նրա խնդիրն իր տնտեսության մասին մտածելն է, և ոչ թե Հայաստանի:

-Հայաստանն ինչպե՞ս կարող է խուսափել ՌԴ-ի վրա կիրառվելիք պատժամիջոցների ազդեցությունից: 

-Հայաստանը կարող է խոսել հետևանքների մասին, բայց խուսափել այդ ամենից, դժվար թե կարողանա, քանի որ կախվածությունը ՌԴ-ից մեծ է: Հայաստանում պետք է  ձևավորեն դիֆերենցված տնտեսություն:

-Այս ֆոնի վրա, հնարավո՞ր է, սրվեն Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

-Հայաստանն այս պայմաններում ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները  ԱՄՆ-ի և ԵՄ հետ: Եթե այսքանից հետո դասեր չքաղի և շարունակի, մենք կկանգնենք լուրջ խնդրի առջև:

Սոնա Դավթյան




Լրահոս