
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Եգիպտոսի իշխանություններին մեղադրել է Կահիրեում անկարգությունները ճնշելու ժամանակ ուժի կիրառման մեջ,-հաղորդում է Agence France-Presse-ը: Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել երկրում շարունակվող բռնությունների առիթով եւ կոչ է արել Եգիպտոսի զինվորական անցումային կառավարությանը ցույցերը ցրելիս հետեւել մարդու իրավունքներին, այդ թվում՝ խաղաղ ցույցերի անցկացման նրանց իրավունքին: Հիշեցնենք, որ Կահիրեում ոստիկանության եւ ցուցարարների միջև բախումները սկսվել են ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ին: Որոշ տվյալներով՝ դրանց պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված ցուցարարներից մեկին: Ըստ վերջին լուրերի՝ այդ բախումների ժամանակ զոհերի թիվն արդեն հասել է 10-ի, վիրավորվել է 500 մարդ: