Ազգային Ժողովում այսօր քննարկվում էր «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նախագծի հեղինակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ տարեկան Հայաստան էր ներկրվում 12.000 մեքենա:
«90 տոկոսը ներկրվում է մեր հարևան երկիր Վրաստանից և ներկրվում է հին և ցածր արժեք ունեցող մեքենաներ: Այս օրենքի ընդունումից հետո ներկրվող ավտոմեքենաների թիվը կարող է աճել: Այս օրենքը հարուստների օգտին չի առաջարկվում: Պետական բյուջեն կրել է վնասներ, այս ժամանակահատվածում այս օրենքը սխալ է աշխատել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախագծի հեղինակները պայմանավորում են նրանով, որ պակասել են բյուջետային մուտքերը՝ 25 միլիոն դրամից կամ 60 հազար ԱՄՆ դոլարից ավելի թանկ մեքենաների ավելի քիչ ներկրման արդյունքում։ Ուստի առաջարկվում է վերացնել նման մեքենաների վրա դրված շքեղության հարկը, որը էականորեն ավելացնում է մեքենայի գինը: