
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով նախընտրական տարում հնարավոր ցնցումներին` նշեց. “Եթե ոմանց պետք են ցնցումներ` մեզ բոլորիս պետք է ուժեղ Հայաստան”:Կարեւորն այն է, որ երեք կոալիցիոն ուժերը համախմբված են Սերժ Սարգսյանի շուրջ,- հայտարարեց Շարմազանովը: ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի հետ կապված լուրերին անդրադառնալով` նա ասաց. “ՀՀԿ-ն չի քննարկել ապագա ընտրությունների ոչ ռազմավարական, ոչ մարտավարական հարցերը”` հավելելով, որ փետրվար-մարտին կլինի ՀՀԿ համագումար, որի ընթացքում են կորոշվի նախընտրական ցուցակը: Եվրասիական միության հետ կապված` ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ՀՀԿ-ն թեեւ դրական է համարում ինտեգրացիոն քաղաքականությունը բոլոր երկրների հետ, բայց այնուամենայնիվ այդ միության շրջանակներում մաքսային որեւէ հարաբերության մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ ՌԴ-ի հետ Հայաստանը սահման չունի: “Մենք իրականացնում ենք պրոհայկական քաղաքականություն”,- հայտարարեց Շարմազանովը:Ըստ նրա` անցնող տարվա ամենամեծ թերությունն այն է, որ մեր երկրում դեռեւս կան աղքատներ, մեր երկրում դեռեւս կա կոռուպցիա: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, նա նշեց, որ բարեփոխումների արդյունքում ավելի են նվազեցվել կոռուպցիայի հնարավորությունները: