Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը BBC-ին տրված հարցազրույցում չի բացառել, որ մայիսի 25-ին նախատեսվող նախագահական ընտրությունները հնարավոր կլինի կազմակերպել երկրի ոչ բոլոր շրջաններում:
Միաժամանակ նախարարը նշել է, որ ընտրությունները կանցկացվեն ցանկացած դեպքում: Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը չի կարելի վերացնել ուժի կիրառմամբ, ընդգծելով, որ իշխանությունները պետք է շարունակեն խոսել «հեղափոխությունից շոկ ապրած» մարդկանց հետ:
Նախարարի խոսքով, «ռուսաստանյան իմպերիալիզմը» ապակայունացնում է իրավիճակը, թույլ չտալով Ուկրաինայի իշխանություններին օգնել մարդկանց երկրի արևելքում հաղթահարել այդ շոկը:
Ավակովն արել է այդ հայտարարությունը Լոնդոնում, ուր ապրիլի 29-30-ին անցկացվող հանդիպմանը ուկրաինական կողմը եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ քննարկում է գողացված և արտերկիր արտահանված ակտիվների վերադարձը Ուկրաինա: