Զինվորի մահից հետո հետախուզության բաժնի պետն աշխատանքից հեռացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ԼՂ-ում զինծառայող Արման Ղուկասյանի մահից հետո հետախուզության բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են, և նա հեռացվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով ԼՂ-ում մարտի 19-ին զոհված զինծառայողի մահվան փաստին, հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց, և Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։

Վերջինիս տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Նշենք նաև, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը:

Armlur.am-ի հետ զրույցում զինվորի հայրը` Արտուշ Ղուկասյանը, հայտնեց, որ բազմիցս զանգահարել են զորամաս` իմանալու համար՝ ինչ փուլում է քննությունը, և կարող են արդյոք իրենք զորամաս գնալ, սակայն իրենց պատասխանել են. «Մինչև չզանգենք, չգաք»:

«Ինչքան զանգել եմ, որ գնամ, ասել են՝ մի՛ եկեք, աշխատանքներ ենք իրականացնում: Բայց այս շաբաթվա մեջ անպայման պիտի գնամ»,- նշեց սպանված զինվորի հայրը:

Տաթև Հարությունյան




Լրահոս