«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՌԴ-ում կայացած վերջին ընտրությունների արդյունքներից եկել է այն համոզման, որ ՌԴ-ում գերիշխում են ձախ տրամադրությունները: «Որ իշխող կուսակցությունը պետք է ձայներ կորցներ, դա հասկանալի էր, բայց անսպասելի էր այդ փաստը ֆիքսելը,-ասաց նա՝ հավելելով,-եթե Հայաստանում ազատ, արդար ընտրություններ տեղի ունենան, ապա կոալիցիան փոքրամասնություն է լինելու: Ընդ որում, կոալիցիան ամբողջությամբ»:
-Շատերի համար անակնկալ էին ոչ միայն ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները, այլեւ հետընտրական զարգացումները. տեւական ժամանակ է` ՌԴ-ում նման մասշտաբի բողոքի գործողություններ չէին եղել: Ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը:
-ՌԴ ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր էին: Սա առաջին հերթին այն առումով, որ իշխող կուսակցությունը բավական ձայն կորցրեց, ինչն էլ ֆիքսվեց: Որ իշխող կուսակցությունը պետք է ձայներ կորցներ, դա հասկանալի էր, բայց անսպասելի էր այդ փաստը ֆիքսելը (մի բան, որը Հայաստանում տեղի չի ունենում): Բացի այդ, հետաքրքիր էր, որ այդ ընտրություններում շատ մեծ ձայն ստացան կոմունիստները: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն գնալով ավելի ձախ, ավելի սոցիալիստական, միութենական պատկերացումների երկիր է դառնում: Իսկ այդ հանգամանքը պետք է շատ լուրջ ազդանշան հանդիսանա լիբերալ ուժերի համար: Եթե հիմա էլ լիբերալները քայլեր չկատարեն, հաջորդ ընտրություններում ոչինչ չեն ունենա: Թերեւս պարզ էր, որ թե՛ լիբերալ թեւը, թե՛ ԽՍՀՄ քանդմանը ժամանակին մասնակից եղած թեւը համատեղ բողոքի ալիք պիտի բարձրացներ, ցույց տար, որ ինքը գոյություն ունի: Եթե անկեղծ ասեմ, այդ ամենի մեջ նաեւ արեւմուտքի միջամտությունն էլ կար:
-Այսինքն՝ արեւմուտքը փորձում է ՌԴ-ում գունավոր հեղափոխությո՞ւն անել:
-ՌԴ-ում հիմա անհնար է գունավոր հեղափոխության սցենարների կրկնությունը: Ես համոզված եմ, որ ՌԴ-ում կիրառվել է ադմինիստրատիվ ռեսուրս, բայց դրա ազդեցությունը եղել է 10 տոկոս, այլ ոչ թե Հայաստանի նման, որտեղ իշխանությունը հավաքում է 6 տոկոս, բայց գրում՝ 60: Ակնհայտ է, որ ռուսական հասարակությունը հիմա այլ գաղափարների կրող է, ինչն էլ իր մեջ հակաարեւմտյան նոր ալիք է ներառում: Այս ամենը լրջորեն մտահոգում է ԱՄՆ-ին, արեւմուտքին, որոնք էլ փորձում են ցույց տալ, թե իրենց արժեքները կրողներ ՌԴ-ում դեռ գոյություն ունեն: Սրա մասին է խոսքը, այլ ոչ թե գունավոր հեղափոխության:
-Պետդումայի ընտրությունները նախորդեցին նախագահական ընտրություններին: Իշխանական կուսակցության՝ Պետդումայի ընտրություններում նախորդից քիչ ձայներ հավաքելն ի՞նչ անդրադարձ կունենա նախագահի ընտրությունների վրա:
-Կարծում եմ՝ դա դժվարացնելու է նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի գործունեությունը: Բայց մյուս կողմից Պուտինը ռեալ թեկնածուն է, նրան այս պահին գոնե դաշտում այլընտրանք դեռ չի հայտնվել, ուստի եւ նա համառուսաստանյան ճակատով է մասնակցելու ընտրություններին, ավելին, նրա նախընտրական շտաբի ղեկավարը ոչ թե մեզ նման պաշտոնյա է դարձել, այլ Ստանիսլավ Գովորուխինը (հայտնի մտավորական-Ա.Գ.): Դա նշանակում է, որ ՌԴ-ում հետեւություններ են արել, հասկացել են, որ եթե «Եդինայա Ռոսիա»-ն նախկինի նման մասսաների լայն աջակցությունը չի վայելում, ապա պետք է նոր տեսքով հանդես գալ: Պուտինը հիմա ուզում է ցույց տալ, որ ինքը նոր ծրագրերով է հանդես գալու:
-ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներից հետո Հայաստանում խոսվում է դրանց՝ մեր երկրում մասնակի պրոյեկտման մասին: Ձեր կարծիքով, ՌԴ իրադարձությունները հնարավո՞ր է՝ պրոյեկտվեն նաեւ ՀՀ-ում:
-Երբ իշխանությունների համար «լավ բանն» է ՀՀ-ում պրոյեկտվում, նրանք հայտարարում են, թե մենք ՌԴ-ի հետ օրգանապես կապված ենք, դա բնական է: Իսկ երբ ՌԴ-ում իշխանությունների հետ կապված «վատ բան» է կատարվում, միանգամից սկսում են հայտարարել, թե մեր մենթալիտետն ուրիշ է, ինքնուրույն պրոյեկտումը սխալ է: Բայց ասեմ, որ հետխորհրդային երկրներում մտածելակերպի մեջ թռիչքային փոփոխություն տեղի չի ունեցել: Երիտասարդները քաղաքականապես բավարար ակտիվ չեն, եւ միայն միջին ու ավագ սերուդն է շարունակում որպես քաղաքական գործոն հանդես գալ, այն սերունդը, որն իր մեջ կրում է խորհրդային գաղափարներ: Իմ կարծիքով, ՌԴ-ում կատարված գործընթացներն իհարկե ազդելու են: Ու եթե ազատ, արդար ընտրություններ տեղի ունենան, ապա կոալիցիան փոքրամասնություն է լինելու: Ընդ որում, կոալիցիան ամբողջությամբ է դառնալու փոքրամասնություն: Դա է ցույց տալիս ՀՀ-ում կյանքի որակը: Եթե որեւէ մեկը փորձի համոզել, թե կյանքի որակը մեզանում լավացել է, թող բացատրի՝ ինչու է պետական բյուջեն այդքան քիչ ձայներով ընդունվել. ես կարծում եմ՝ իրենք վախենում էին դրան քվեարկելուց՝ հասկանալով, որ այնտեղ որեւէ լավ բան չկա:
ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՊԱՐՏՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ