«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իրեն շատ է օգնել: -Տիկի՛ն Հարությունյան, «Հայբուսակ»-ը նշում է իր 20-ամյակը, այդ տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել: -Իհարկե նվաճումներն ու հաղթանակներն ավելի շատ են եղել, բայց դժվարություններ եւս ունեցել ենք, որոնք հաղթահարել ենք: Մենք, մեր 20-ամյակը նշելով, չենք հայտարարում, որ դժվարությունները վերջացել են, բայց հայտարարում ենք, որ մեծ նվաճումներ ունենք: «Հայբուսակ»-ի կազմում 5 բուհեր են միավորված: -Իսկ այս 20 տարիների ընթացքում ո՞վ է Ձեր կողքին եղել եւ Ձեզ աջակցել: -Կոնկրետ մեր աշխատանքներում աջակցել են մտավորականներ, դասախոսներ, շատ նպաստել է նաեւ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը, աջակցել են նաեւ ծնողները: -Վերջին ժամանակներս խնդիրներ եղան կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Ի վերջո, հարթվե՞ց այդ ամենը: -Չէ՛, խնդիրներ չկան, նորմալ աշխատանքային հարաբերություններ են, ուղղակի այդ ժամանակ օտար լեզվով ուսուցման հետ կապված խնդիրներ եղան: Այսօր մեր հանրապետությունում գտնում են, երեւի նախարարը, որ արտերկրից եկած ուսանողներն անգլերենով մասնագիտական կրթություն պետք է ստանան միայն պետական բուհերում, այնպես որ, քանի դեռ այս խնդիրը լուծում չի ստացել, հարցը մնում է բաց: -Ի՞նչ եք կարծում, ԿԳ նախարարի հետ, այսպես ասած, բախումները որեւէ կապ ունե՞ն կուսակցական պատկանելության հետ, քանի որ նախարարը ՀՀԿ-ական է, իսկ Դուք` ԲՀԿ-ական: -Չեմ ուզում այդպես մտածել, կարծում եմ` ավելի շատ բուհերի` պետականի եւ մասնավորի շահերի հետ է կապված: Կարծում եմ` կուսակցության հետ որեւէ կապ չունի: -Տիկի՛ն Հարությունյան, Դուք` որպես ԲՀԿ-ական, արդյո՞ք Ձեզ ապահով եք զգում Ձեր կուսակցությունում: -Ես Ձեզ ասեմ՝ ես ԲՀԿ-ն ընդունել եմ` որպես գաղափարներով ինձ շատ մոտ կուսակցություն եւ հատկապես նրա նախագահի անձը հաշվի առնելով: Ապահով եմ զգում, թե չէ` ես ընդհանրապես իմ հայրենիքում ինձ շատ ապահով եմ եմ զգում: Կարեւոր է նաեւ, թե դու ում հետ ես շփվում, ովքեր են քո գաղափարակիցները, դա իսկապես կարեւոր է: Իսկ ապահով լինելու հետ կապված` կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իրեն իր հայրենիքում ապահով զգա: -Հատկապես վերջին ժամանակներս ակտիվ քննարկվում են ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի փոխհարաբերությունները` կոալիցայի հարցը, թե ինչ ձեւով են կուսակցությունները մասնակցելու առաջիկա ընտրություններին: Դուք` որպես ԲՀԿ-ական, ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն ընտրություններին ի՞նչ ձեւաչափով պետք է մասնակցի: -Դա թող որոշեն երկու կուսակցությունների նախագահները: -Իսկ եթե լինի հարց, որ կա՛մ պետք է իշխանությանը` Սերժ Սարգսյանին, դեմ դուրս գաք, կա՛մ ԲՀԿ-ին, այդ դեպքում ո՞ր տարբերակը կընտրեք: -Դա քիչ հավանական եմ համարում: Անկեղծ ասած, Ձեր ակնարկը հասկանում եմ: Բայց եթե, այնուամենայնիվ, ուզում եք իմ դիրքորոշումն իմանալ, ասեմ, որ եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին` Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած եւ ընտրվելիք նախագահին: -Ձեր կուսակցության ղեկավարը ե՞ւս նույն կարծիքին է: -Չգիտեմ, դրա մասին իրե՛ն հարցրեք, ես իմ անունից եմ խոսում: