ԳԱԶԸ ՋԵՐՄԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ «Հայռուսգազարդ»-ը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «հոր արեւով» երդվում են, այն է` պաշտոնապես հայտարարում են, որ  ՀՀ-ում սպառողներին մատակարարվող գազի կալորիականությունը ցածր չէ, բազմաթիվ բնակիչներ շարունակում են բողոքել, որ գազի տաքացուցիչները նախկինի պես բնակարանները չեն ջերմացնում, գազօջախները ջուրը չեն եռացնում, սուրճը չի եփվում եւ այլն:
Խոսքը Կենտրոնի, Հարավարեւմտյան թաղամասի, Դավիթաշենի եւ մի շարք այլ համայնքների բնակիչների մասին է: Շատերը նույնիսկ իրենց բնակարաններում հատուկ փորձեր են անում` ապարդյուն փնտրելով հարցի պատասխանը, թե  նույն ջերմաստիճանային պայմաններում, նույն գազատաքացուցիչների պարագայում ինչու են, ի տարբերություն նախորդ տարիների, մրսում ու 30-40 հազար դրամ գազի վարձ վճարում  նույն ծավալի եւ  ժամանակահատվածի համար:
Բնակիչներից ոմանք արդեն ոչ միայն կենցաղային մակարդակի քննարկումներով են դժգոհում, այլեւ դրանք փոխանցում են ԱԺ: Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով նման 3 բողոք է ստացել մայրաքաղաքի Շենգավիթ, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների բնակիչներից, մեզ հետ զրույցում նշեց, որ իր նախաձեռնությամբ այս հարցը կքննարկվի  կուսակցության՝ դեկտեմբերի 19-ի նիստում: Տիկին Ալավերդյանը պատրաստվում է ԱԺ իրենց դաշնակցական, հանրապետական ու ԲՀԿ-ական գործընկերներից հարցնել, թե գազի սակագնի ձեւավորման հարցն ուսումնասիրող հանձնաժողովն ինչ է պարզել իր գործունեության ընթացքում: Կարծում ենք` տիկին Ալավերդյանը լուրջ անակնկալի կգա` տեղեկանալով, որ գազի հարցով աշխատանքային խումբը մինչեւ հիմա ոչ միայն ոչ մի ուսումնասիրություն չի կատարել, այլեւ նիստ չի գումարել: Իսկ թե ինչու, ժամանակ առաջ տեղեկացրել էինք. հանրապետականները չեն ուզում, դաշնակցականները չեն «կարողանում», իսկ ԲՀԿ-ականները շահագրգռված չեն: Անգամ դաշնակցական ֆրակցիան, մեր թերթի միջոցով դիմելով հանրապետականներին եւ աշխատանքային խմբի ԲՀԿ-ական ղեկավար Վարդան Բոստանջյանին, առաջարկեց խմբի ղեկավարումը հանձնել իրեն, եթե կոալիցիոն մեծամասնությունը վախենում է կամ խնդիր ունի «Հայռուսգազարդ»-ի ներքին խոհանոց մտնելու հարցում:
Ամեն դեպքում, իրավիճակն արդեն աբսուրդային է. բնակչությունը չի վստահում, ԱԺ պատգամավորները փորձաքննություն են պահանջում, իսկ «Հայռուսգազարդ»-ի պաշտոնյաները շարունակում են հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է:  Երեկ էլ ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն էր կրկնում  նույնը: Այսինքն` դարձյալ պաշտոնապես հայտարարում էր, որ Հայաստանում գազի ցածր կալորիականության խնդիր չկա, եւ ավելին, եթե  կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը հաշվարկել է 7900 կիլոկալորիայի համար,  ապա  սպառողներին  երբեմն մատակարարվում է 8000 կամ դրանից բարձր կալորիականության գազ:  Տարօրինակ է, այդ դեպքում ինչո՞ւ են բնակիչները բողոքում: Շուշան Սարդարյանն ասում է,  որ «մի խումբ բնակիչների» բողոքները կարող են տարբեր պատճառներ ունենալ. հնարավոր է` մեկի գազասարքն է վատ վիճակում եւ դրա պատճառով չի ապահովվում անհրաժեշտ ՕԳԳ-ն կամ մյուսի տաքացուցիչը քարշի հետ խնդիր ունի եւ այսպես շարունակ:
Նշվեց նաեւ, որ ի տարբերություն բնակիչների,  խոշոր սպառողները` «Արարատ ցեմենտ»-ը,  Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը,  որոնք,  ի դեպ, գազը ստանում են շատ ավելի ցածր գնով, քան շարքային սպառողները,  ոչ միայն չեն բողոքում, այլեւ իրենք հնարավորություն ունեն գազի որակը ստուգել իրենց անձնական լաբորատորիաներում. «Եւ ամեն օր գազի որակը ստուգում են, մենք փոխադարձ ակտ ենք կազմում»: Թե ինչ է սա տալիս սպառողին, դժվար է ասել, որովհետեւ շարքային հայաստանցիները գիտեն խոշորներ սպառողների եւ պետության («Հայռուսգազարդ»-ի դեպքում խոսքն  անգամ երկու պետության մասին է) փոխհարաբերությունների մակարդակը եւ հաստատ չեն վստահի նաեւ խոշորների լաբորատորիաների տվյալներին:
Ինքը`  բնակիչը, գազի կալորիականության հարցում կասկածներ ունենալու դեպքում որակը կարող է ստուգել տալ` միայն իր գրպանից վճարելով, ընդ որում, հենց «Հայռուսգազարդ»-ին պատկանող լաբորատորիայում, որը, չգիտես ինչու, ընկերության մամուլի խոսնակն անվանում էր «անկախ»:
Բնակիչներից մեկը նույնիսկ պատմում էր, որ ոմանց պրպտուն միտքն ինչ-որ մեխանիզմներ է մշակել գազի հաշվիչների աշխատանքները գոնե ժամանակավորապես կանգնեցնելու հարցում: Պատմեցին, որ սառնամանիքի ժամանակ ոմանք իբր փորձել են դույլով սառը ջուր լցնել իրենց գազի հաշվիչների վրա` դրանց աշխատանքը կանգնեցնելու համար: Որքանով է դա տեխնիկապես անվտանգ` երեւի ցույց տա առաջիկա ԱԻՆ վիճակագրությունը. կլինե՞ն պայթյուններ, հրդեհներ, փլուզումներ, ուրեմն անվտանգ չէ: Ու սա հաստատ սեւ հումոր չէ:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս