Խաչիկյանի գործով վկայություն կտա ևս 9 հոգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ գործի դատավարության նիստը:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:

Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

Դատավոր Վարդանյանը նիստի սկզբում հայտնեց, որ նիստին ներկայացել են թվով 9 վկա:

Վկա Սևակ Սաղաթելյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է, իր ցուցմունքում հայտնեց, որ մոտավորապես 2 տարի առաջ ոստիկաններ են գնացել իր բնակարան և հայտնել, որ փնտրում են իր համար անհայտ մարդու, ով գրանցված է իր հասցեում: Նա հայտնեց նաև, որ բնակարանը գնել է Նոնա Վարդանյանից, և հետագայում ոչ մեկին չի գրանցել այդ հասցեով:

Վկա Գրիգոր Աճեմյանը հայտնեց, որ տեղյակ է՝ ինչ գործով է հրավիրվել դատարան, սակայն չի հասկանում` իրեն ինչու են հրավիրել: Դատարանը պարզաբանեց, որ նրա տատիկի` Մարի Աճեմյանի մոտ է եղել լիազորագիրը, սակայն վերջինս 1995-ից գտնվել է ԱՄՆ-ում, և նրա կենսաթոշակը ոչ ոք ստանալ չի կարողացել: Լիազորագիրը գտնվել է նրա մոտ, սակայն սոցապի Նոր Նորքի ստորաբաժանմունքում մերժել են վճարել` պատճառաբանելով, որ Աճեմյանն ինքը պետք է ներկայանա:

Վկա Արթուր Թանգամյանը հայտնեց, որ չի կարող ասել, թե ովքեր կարող են լինել գրանցված իր բնակարանում: Դատարանի այն դիտարկմանը, թե որևէ մեկը, ով իրենց հետ ազգակցական կապ չունի կարող է գրանցված լինել այդ բնակարանում, վկան չբացառեց:




Լրահոս