ԱՄՆ-ի հետաքննություննեի դաշնային բյուրոն (ՀԴԲ) ստեղծում է հատուկ խումբ, որը կզբաղվի բռնակալների և կոռումպացված ռեժիմների ներկայացուցիչների արտասահմանյան ակտիվների որոնմամբ. տեղեկացնում է BBC-ն:
Խումբը կօգնի դատախազներին և հետքննիչներին, որոնք արդեն իսկ զբաղվում են նման գործերով. հայտնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը:
Մեծ Բրիտանիայում շարունակվում են միջազգային բանակցություննեը, որոնց նպատակն է աջակցել Ուկրաինայի կառավարությանը վերադարձնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք գողացված միջոցները:
Լոնդոնում տարբեր երկրների փորձագետների հանդիպումից առաջ Հոլդերը պատմել է, որ ամերիկացի դատախազները, գործակալներն ու այլ պաշտոնական անձինք մեկնել են Ուկրաինա, որպեսզի օգնեն Կիևի իշխանություններին բացահայտել այդ փողերի ճակատագիրը: Նրանք ծանոթացել են նաև այն փաստաթղթերին, որոնք լրագրողներին հաջողվել է դուրս հանել Յանուկովիչի «Մեժգորյե» նստավայրի ջրավազանից:
2010-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կից ստեղծվել է 7 դատախազից բաղկացած խումբ, որը սկսել է զբաղվել, այսպես կոչված, կլեպտոկրատների ակտիվներով: Նրանց հետաքննությունների շնորհիվ, մասնավորապես, սառեցվել է ավելի քան կես միլիարդ դոլար, որը պատկանել է Նիգերիայի նախկին առաջնորդ գեներալ Սանի Աբաչիին և նրա շրջապատին: