Երեկ ոստիկանները ձերբակալել են Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր` Սիմոնի որդուն: Նա կասկածվում է 2006 թվականի հունիսի 22-ին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության մեջ, երբ կրակոցներից մահացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը:
1978 թվականին ծնված Ստեփան Հակոբյանը բավականին ցուցադրաբար է ձերբակալվել Արաբկիր համայնքում` ուղեկցող թիկնապահների հետ միասին (1968թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971թ. ծնված Արայիկ Եղիազարյանը եւս բերման են ենթարկվել ոստիկանություն): Ձերբակալությունից հետո ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ 2006-ի կրակոցներից հետո, երբ սպանվեցին Սեդրակ Զատիկյանը եւ մի անցորդ` Կարինե Սարգսյանը, որը խանութից գնումներ կատարելիս էր եղել, կասկածյալ Ստեփան Հակոբյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն):
Իհարկե, ողջունելի է, որ ոստիկանությունը փորձում է իր պարտականությունները կատարել` ձերբակալելով կասկածյալներին: Բայց տարօրինակ է, որ հնչեղություն ստացած այս քրեական գործի գլխավոր կասկածյալը 5 տարի հետո է միայն հայտնվում ճաղերի հետեւում` այն էլ այս պահի դրությամբ դեռ կասկածելի հիմքերով: Սա նշանակում է, որ կա՛մ Ստեփանը չի կատարել հանցագործությունը, դրա համար էլ չէին ձերբակալել, կա՛մ էլ նա արել է, բայց ոստիկանները շրջանցել են, բնականաբար, համապատասխան վերաբերմունքի դիմաց:
Անցնող տարիների ընթացքում մամուլը բազմիցս գրել է, որ Ստեփան Հակոբյանը հաճախ «Բելաջիո» համալիրում է լինում, ինչո՞ւ այդ ժամանակ չէին ձերբակալում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես անցնող 5 տարիների ընթացքում Երեւանի ոստիկանությունը պարբերաբար գումարներ է ստացել Սիմոն Հակոբյանից` որդուն չկալանավորելու համար, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, թե դա «անհեթեթություն է», ապա ավելացրեց. «Ոստիկանության պետը ցուցում է տվել ակտիվացնել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները, ինչն արդեն տեսանելի արդյունք է տվել: Այս ձերբակալությունն այդ շարքին է դասվում: Իսկ ձեր հարցի մասով պետք է ասեմ, որ քննություն է կատարվում, կքննվեն բոլոր հարցերը»: Բնական է, որ Աշոտ Ահարոնյանն այլ բան չէր կարող ասել, քանի որ գործը դեռ քննության փուլում է:
Իսկ մինչ այդ, երեկ ողջ քաղաքական դաշտը քննարկում էր այս ձերբակալության հարցը` փորձելով հիշել եղբայրներ Հակոբ եւ Սիմոն Հակոբյանների միջեւ եղած փոխհարաբերությունները, որոնց մասին նախկինում շատ է գրվել մամուլում: Իհարկե, 2008-ի ընտրությունները եղբայրներին փոքր-ինչ բաժանեցին իրարից, որովհետեւ Հակոբ Հակոբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն էր, իսկ Սիմոն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի: Սիմոնը պատճառաբանում էր, որ ինքն ընդդիմադիր դաշտում չի կարող լինել, քանի որ որդին ոստիկանության հետ խնդիրներ ունի: Բայց, ինչպես ասում են, այս կյանքում ամեն ինչ հարաբերական է: Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ Սիմոնը մի ողջ կարողություն ծախսեց, բայց այսօր նրան որեւէ մեկը չի օգնում (թեեւ դեռ վաղ է ասել): Բայց փոխարենը Սիմոնը հարաբերությունները կարգավորել է հարազատ եղբոր հետ:
Ինչեւէ, դառնալով ոստիկանության գործողություններին, նկատենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ԲՀԿ-ական թմրամոլներին ձերբակալելուց հետո իր` քաղաքական շարժառիթներով գործելու պատկերացումները չեզոքացնելու նպատակով ձերբակալեց, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին` ցույց տալու համար, որ նաեւ «Երկրապահ»-ից է մարդ «բռնում», հիմա էլ Սիմոնի որդուն` ապացուցելու, որ անգամ Սերժ Սարգսյանի համար աշխատած մարդիկ չեն կարող «պլստալ»: Իհարկե, լավ է, որ ոստիկանապետը փորձում է ամեն ինչ անել` իր անկաշկանդ կեցվածքը դրսեւորելու համար, բայց Ստեփան Հակոբյանի ձերբակալությամբ անհայտ է, թե համակարգի հեղինակությունն ինչքան բարձրացավ, որովհետեւ եթե կա մարդասպան, որին պետք է անհապաղ ձերբակալել, ապա ինչու էր նա ազատ ման գալիս քաղաքում: Ո՞վ է դրա մեղավորը, եւ ինչո՞ւ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «այդ անբարոյականը» չի գնում Հովհաննես Թամամյանի հետեւից` կալանավայր: Կարծում ենք, որ Ստեփան Հակոբյանի ձերբակալությանը պետք է հետեւեն նաեւ ոստիկանության համակարգում «հնուց մնացած» «մեծ-մեծ» խոսող գեներալ-գնդապետերը, որոնք պակաս «անբարոյական» չեն:
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ՍՏԵՓԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ