ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼԻԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարկե, Գրիգոր Ամալյանի համար մեծ պատիվ պիտի լիներ` համեմատվել համաշխարհային պատմության մեծագույն անհատականություններից մեկի` կարդինալ Ռիշելիեյի հետ, սակայն մենք համեմատությունը տեսնում ենք ոչ թե դիվանագիտական, քաղաքագիտական եւ փիլիսոփայական ընդգրկումների մեջ, որոնցում կարդինալը պարզապես անփոխարինելի էր, այլ՝ կերպարի արտաքին նկարագրի ու «պոզայի», քանզի մեր օրերի այս իշխանական կամակատարն էլ սիրում է դեմքին լուրջ արտահայտություն տալ եւ ճանապարհ բացել խարդավանքների համար` մշտապես պահպանելով սառը հայացքն ու լղոզված-լպրծուն խոսելաձեւը:
Այս մարդուն հայտնաբերեց եւ գրաքննության դաշտ բերեց Ռոբերտ Քոչարյանը` այսպես մեր լրատվական դաշտում տեղավորելով Ամալյանի «արձանը», որը, ստվերի նման մշտապես հետեւելով բոլորին, կատարում է այն բոլոր հանձնարարությունները, որոնք ստանում է «վերեւից»: Երբեմն էլ իր տերերին շա~տ դուր գալու եւ կենցաղը բարելավելու նպատակով դառնում է Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ եւ սկսում արշավանքն ազատ ու ճշմարիտ խոսքի նկատմամբ:
Գրիգոր Ամալյանը շատերի պատկերացմամբ ոչ թե անհատ է, այլ խորհրդանիշ, տեսակ, որի նմանները կան աշխարհի բոլոր պետություններում եւ ազգերի մեջ: Այսինքն, եթե ուզում ենք ասել, որ այսինչ երկրում եթերազրկվել է այս կամ այն լրատվամիջոցը, ապա կարող ենք մեր միտքը շատ հանգիստ ձեւակերպել այսպես. «Թուրքիայի, Իրանի կամ որեւէ այլ երկրի Գրիգոր Ամալյանը զրկել է…» եւ այլն: Որքան էլ Ամալյանը խորհրդանիշ է, այնուամենայնիվ, նրան երբեմն նույնացնում են ազատամարտիկների, հայրենիքի սահմանները պաշտպանողների հետ: Մի՛ զարմացեք, ժամանակ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մեր խորհրդանիշ-անձ Գրիգոր Ամալյանին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով: Տեսնո՞ւմ եք, այս մարդը հայրենիքին ահռելի ծառայություն է մատուցել, իսկ մենք տեղյակ չենք եղել:
Իհարկե, երբ ծանոթանում ենք Գրիգոր Ամալյանի կենսագրությանը, տեսնում ենք, որ 1989-1991թթ-ին աշխատելով Բյուրականի աստղադիտարանում` նա 1991-92-ին խարիսխ է նետել ՀՀ նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեում, 1992-1996-ին եղել ՀՀ զինված ուժերում, հետո անսպասելի հեռացել այնտեղից` հավանաբար դժգոհելով, որ իրեն գեներալի ուսադիրներ չեն տվել… Հեռացել ու եկել է Երեւանի պետական համալսարան եւ երկու տարի սպասել Ռոբերտ Քոչարյանի հայտնությանը. Ռոբերտ Քոչարյանն է Ամալյանին տարել ՀՀ նախագահի աշխատակազմ:
Թեեւ Ամալյանի կյանքում երկու նախագահներն էլ կարեւոր դեր են կատարել. եթե 1998-ին ամալյանական վերելքն ապահովեց Քոչարյանը, ապա Բյուրականի աստղադիտարանի համեստ աշխատակցին էլ կառավարման-պաշտպանական համակարգ բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` երեւի անսալով իր մատենադարանական գործընկեր Հայկ Ամալյանի խնդրանքին…  Հավանաբար եթե խնդրանքներն ու միջնորդությունները չլինեին, հազիվ թե Գրիգոր Ամալյանին որեւէ մեկը հնարավորություն տար դրսեւորվելու, որովհետեւ Բյուրականի աստղադիտարանում որեւէ մեկը լուրջ չէր ընդունում երիտասարդին, նրա մասին որեւէ ակնառու բան չկարողացան հիշել նաեւ պաշտպանության նախարարությունում:
Եւ այսպես, 2001-ին Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակազմի աշխատակցին նշանակեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ: Այս հանձնաժողովը հիմնականում, բացառությամբ մեկ-երկու հոգու, ձեւավորվեց նախագահի հպատակներից, այն մարդկանցից, որոնք պատրաստ էին արշավանք կազմակերպել ազատ խոսքի եւ ազատ լրատվամիջոցների հանդեպ: Իհարկե, նախագահի ամենահավանական թեկնածուն Ամալյանն էր, որովհետեւ նա էր համապատասխանում «կաղապարված մարդու» (փպսՏՉպՍ Չ ՒցՑսÿՐպ) կարծրատիպին: Գրիգոր Ամալյանի համար ստեղծվեցին բոլոր պայմանները, սահմանվեց շատ բարձր աշխատավարձ, նրան հատկացվեց ծառայողական մեքենա, նա դարձավ շատ կարեւոր անձ: Տարիների հետ տարազն էլ փոխեց, նախկին կիսամաշ կոստյումների փոխարեն սկսեց ամեն եղանակին համահունչ մի կոստյում հագնել, փոխեց ակնոցները, ասում են` փոխել է նաեւ բնակարանը…  Ոմանք էլ պնդում են, թե նրան բիզնեսի հնարավորություն էլ է տրվել: Ժամանակ առաջ մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե իբր Ամալյանի որդուն դատավորի պաշտոն են տվել: Մարդը հուզվեց, անմիջապես հերքեց` երեւի զգուշանալով, որ լրագրողները կարող են, ի տրիտուր այս հերքման, ուրիշ փաստեր հրապարակ հանել, նորից հիշել «Ա1+»-ի հետ կապված խայտառակությունները, ԱԼՄ-ի եթերազրկումը եւ էլի նման բաներ… Սրան էլ գումարենք Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկումը:
Իհարկե, ամենախայտառակ պատմությունները կապակցվում են առաջին հեռուստաընկերությանը, որի մասին բազմաթիվ որոշումներ կայացվեցին, մինչդեռ Գրիգոր Ամալյանը մնաց արձանի նման անհաղորդ. նրան այդ դերն էր վերապահված: «Ա1+»-ի «ոդիսականը» կարող է հայ ժողովրդավարության հուղարկավորությունը համարվել, իսկ ահա ԱԼՄ-ի պարագայում Ամալյանն այնպիսի ցինիզմ դրսեւորեց, որին կնախանձեին ինկվիզիցիայի ամենաբիրտ ներկայացուցիչներն անգամ… Եթե փորձենք իրար կողքի շարել Ամալյանի բոլոր վճիռներն ու արդարացումները` եթերազրկումների պատճառաբանությունները, ապա կտեսնենք, որ այս մարդը տիրապետում է դահճի հոգեբանությանը. սպանել սառնասրտորեն, ապա սկսել հիմնավորել սպանության անհրաժեշտությունը… Նրան բազմաթիվ բողոքներ են հղվել Հանրայինի կողմից գովազդի մասին օրենքը խախտելու, իշխանամերձ մի շարք հեռուստաընկերությունների կողմից լեզվի մասին օրենքը ոտնահարելու մասին, սակայն Ռոբերտ Քոչարյանի դրածոն եւ Սերժ Սարգսյանի հպատակը ձայն չի հանել: Ձայն չի հանել, որովհետեւ եթե փորձեր գործել հանուն օրենքների, իրեն կզրկեին սնվելու հնարավորությունից… Իսկ վերջին տարիներին Ամալյանի ախորժակն իրապես բացվել է….

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս