ՇԱՐԼԸ ՃԻՇՏ Է, ԲԱՅՑ ՍԸ՜ՍՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում դեկտեմբերի 12-ին` իր մենահամերգից առաջ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը հարցազրույցի ժամանակ ասել էր. «Իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, երկիրը զրկում են սեփական երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Հարկավոր է շուտափույթ լուծել այն»:
Իսկ երեկ Շարլ Ազնավուրը, պատասխանելով հայկական «Արմենպրես» գործակալության հարցին, հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը: «Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ` դա թարգմանության սխալ է»,-ըստ «Արմենպրես»-ի` ասել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Nouvelles d՛Armenie ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում Ազնավուրը հայտարարել էր. «Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է: Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա: Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»: Սակայն այս հայտարարությանը հերքում չհետեւեց:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Շարլ Ազնավուրն իր մտահոգիչ հայտարարություններից իսկապե՞ս հետ է կանգնել, թե՞ հերքման տեքստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Արամ Անանյանի ղեկավարած գործակալությունում հայտնվել է կառավարության միջամտությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Թե ով ինչ ձեւ է մեկնաբանել, հանրությանը իրազեկել դրա վերաբերյալ, չգիտեմ, միայն այն կարող եմ ասել, որ Ազնավուրը, լինելով հայ ժողովրդի մեծ զավակ, ցանկացած մտահոգություն, ամենայն հավանականությամբ, կարող է արտահայտել: Միգուցե այդ պահին ավելի մտահոգված, զայրացած ինչ-որ բան կա կամ թարգմանության հետ կապված, ես չեմ կարծում, որ հենց բառը պետք է լինի այդպիսին: Որովհետեւ որեւէ մեկը չի կարող պնդել, որ ՀՀ-ում նման բան է տեղի ունենում, մենք ունենք բազմաթիվ դժվարություններ, բայց ես ցեղասպանություն չէի ուզի անվանել: Ինչ վերաբերում է Շարլ Ազնավուրի խոսքերին ու մտահոգություններին, այո՛, նա էնքան բարոյական վաստակ ունի հայ ժողովրդի համար, որ իր ցանկացած մտահոգություն իրավունք ունի բարձրաձայնելու:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իր հերքումը ես չեմ կարդացել, որ որեւէ գնահատական տամ, ես տեղյակ չեմ, որ ինքն ինչ-որ բան է ասել, հետո հերքել: Շարլ Ազնավուրը պատահական մարդ չէ եւ պատահական մտքեր չի արտահայտի, եւ եթե խոսքի հեղինակն ասում է, որ այդտեղ թարգմանության սխալ է, մենք պարտավոր ենք հավատալ այդ մարդուն:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկինում էլ, այժմ էլ այն տեսակետին եմ, որ կապված Շարլ Ազնավուրի հետ` որպես մեծ հայորդի, որպես ազգի հանճարներից` ճիշտ չէ գնահատական տալը կամ մեկնաբանելը: Առավել եւս, եթե հերքել է, այս պարագայում էլ եմ ձեռնպահ մնում եւ որեւէ մեկնաբանություն չեմ անում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս