Երեկ խորհրդարանում կայացել է Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստացել էր 101՝ կողմ և 3՝ դեմ ձայն: 2 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր:
Քվեարկությանը չէին մասնակցել ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: ԲՀԿ-ի մի քանի պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, որը տարակարծությունների տեղիք տվեց: Շատերին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն, մասնակցելով քվեարկությանը, ինչու չի քվեարկել ընդդիմության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի օգտին:
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանն իր էջում գրել էր, թե ինքը քվեարկել է Հրանտ Բագրատյանի օգտին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում էլ նման հայտարարություն արեց նաև խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ստացվում է, որ կա՛մ ՀՀԿ-ն կեղծել է քվեարկության արդյունքները, կա՛մ էլ անվավեր ճանաչված երկու քվեաթերթիկները պատկանում են հենց ԲՀԿ-ական պատգամավորներին: