Վիտսելը կխաղա Բելգիայի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան «Զենիթի» ֆուտբոլիստ Ակսել Վիտսելը խաղացողների այն հնգյակում է, որոնց համար երաշխավորված է Բելգիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցությունը. հայտնել է բելգիական «Լաատստե նյուզ» թերթը:

Պարբերականի տվյալներով` Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հրապարակել է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը հաստատ մեկնող ֆուտբոլիստների հնգյակի անունները:

Դրանք են` դարպասապահ Տիբո Կուրտուան («Ատլետիկո», Իսպանիա), պաշտպան Վինսենտ Կոմպանի («Մանչեստեր Սիթի», Անգլիա), կիսապաշտպաններ Վիտսել ու Էդեն Ազար («Չելսի», Անգլիա) և Քեվին դե Բրյույնեն («Վոլսֆբուրգ», Գերմանիա):

Մարզիչն ընդգծել է, որ եթե նրանք վնասվածքներ չստանան, 2014-ի աշխարհի առաջնությանը կհայտնվեն Բելգիայի հավաքականում: Ավելի վաղ Վիլմոտսը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կընդգրկվի 30 խաղացողից բաղկացած ընդլայնված կազմ, որը նա կհրապարակի մայիսի 13-ին: Վերջնական հայտարարագրի մեջ կմտնի 23 ֆուտբոլիստ:

Աշխարհի առաջնությունը կկայանա Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը:




Լրահոս