Դատապարտյալը կհայտարարի պատվեր կատարող պաշտոնյաների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  հայտնել էինք, որ Գյումրու առաջին ատյանի դատարանում այսօր պետք է տեղի է ունենար «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործով դատական նիստը, ինչի մասին դատապարտյալին չէին հայտնել:

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է դատապարտյալի՝ վատառողջ լինելու և դատարան չներկայանալու պատճառով, և հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 7-ին:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Հակոբյանը բազմիցս փաստերով ապացուցել է, որ իր վաղաժամկետ ազատումը հետաձգվում է պատվերով, քանի որ ինքը բազմաթիվ բացահայտումներ է արել ՔԿՀ-ի աշխատակիցների անօրինականությունների վերաբերյալ:

Նշենք նաև, որ Արտակ Հակոբյանը դատապարտվել է խուլիգանության համար` 4 տարի 8 ամիս ժամկետով և պատիժը կրում է 4 տարի:

Տեղեկացնենք, որ մարտի 24-ին դատապարտյալը ենթարկվել է ծանր վիրահատության և արդեն համարվում է երրորդ կարգի հաշմանդամ:

Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ իր ամուսինը պատրաստվում է նիստի ժամանակ հայտարարել այն բոլոր պաշտոնյաների անունների, ովքեր պատվեր են կատարում և խոչընդոտում են Հակոբյանի` վաղաժամկետ պայմանական ազատմանը:

Արթիկ ՔԿՀ դատապարտյալը համոզված է, որ ՔԿՀ-ի վարչակազմին վերադասները վախեցրել և սպառնացել են, որպեսզի ոչ մի կերպ Հակոբյանը ազատ չարձակվի:

«Եթե դատարանը վաղաժամկետ պայմանական չազատի, ամուսինս օրինական կարգով հացադուլ և ջրադուլ կհայտարարի, և այդ ժամանակ շատերը կկանգնեն պատասխանատվության առջև: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է»,- իր խոսքում նշեց դատապարտյալի կինը:

Տաթև Հարությունյան




Լրահոս