ՀԱՐՑ. Երկար տարիներ ձեռագործ աշխատանքներով եմ զբաղվում, նուրբ թելերից գործում եմ սրբապատկերներ: Ցանկանում եմ իմ աշխատանքներից լավագույնները նվիրաբերել Մայր Աթոռին: Ինչպե՞ս կարող եմ դա անել, իմ ձեռագործ աշխատանքները թանգարանում կընդունե՞ն, եթե այո, ապա ո՞ւմ պիտի դիմեմ դրա համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե իր աշխատանքները հենց Մայր Աթոռին է ուզում նվիրաբերել, ապա կարող է բերել եւ իր նվիրաբերությունը ներկայացնել Մայր Աթոռի լուսաբերին, որից հետո համարժեքաբար իրեն ինչ-որ անհրաժեշտ է` կտրամադրվի, այսինքն` որոշակի փաստաթղթեր, որ նա պարագաներ է նվիրաբերել եկեղեցուն: Ինչ վերաբերում է թանգարանում նմուշների ցուցադրվելուն, ապա դա որոշում է հատուկ հանձնաժողովը: Ըստ այդմ, որոշվում է` արդյոք աշխատանքը հարմար է, որ ցուցադրվի Մայր Աթոռի թանգարանում, թե ոչ: Եթե հարմար են գտնում, ապա թանգարանում ցուցադրվում է, եթե թանգարանի համար հարմար չէ, բայց օգտագործելի են եկեղեցու համար, ապա տրամադրվում է որեւէ եկեղեցու: Օգտագործելի կարող են լինել սուրբ սեղանի ծածկոցներ, սովորական ասեղնագործ ծածկոցներ եւ այլն: Եթե նմուշներն օգտագործելի չեն, միեւնույն է, Մայր Աթոռը կվերցնի, քանի որ եթե մարդը ցանկություն ունի եւ իր բարի ցանկությամբ է իր աշխատանքները նվիրաբերում, ապա եկեղեցին որեւէ մեկին չի մերժում:
տեր Վահրամ քահանա Մելիքյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր շատ հայրենակիցների մոտ եկեղեցու հանդեպ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի: Չնայած նրան, որ եկեղեցին չափազանց անտարբեր է հավատացյալ հոտի հանդեպ, այնուամենայնիվ, մարդիկ դեռ ինչ-որ բան նվիրաբերելու ցանկություն ունեն: Կասկածից վեր է, որ հեղինակության պատշաճ չափով վերականգնման դեպքում հավատացյալ հայությունն էլ ավելի բարյացկամ ու պատրաստակամ կգտնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: