Ս. Սարգսյանը փորձում է վերակենդանացնել Ռ. Քոչարյանի տարիների «կովկասյան վագրին». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Երվանդ Զախարյանին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելով` Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, բացահայտեց իր քաղաքական խաղի տրամաբանությունը: Զախարյանն այն ամենակարևոր պակասող օղակն էր, որն ամբողջացնում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված երկնիշ տնտեսական աճի հեղինակների ողջ շղթան: Կարեն Ճշմարիտյան, Երվանդ Զախարյան, Նարեկ Սարգսյան. սրանք այն մարդիկ են, որոնց անմիջական ջանքերով Հայաստանում մեկնարկեց շինարարական բումը, որը հետագայում Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից որակվեց որպես սպեկուլյատիվ տնտեսական փուչիկ:

Ինչպես հիշում եք` Տ. Սարգսյանի կողմից տարեվերջյան իր ասուլիսում հենց շինարարության` «փուչիկ» լինելու մասին հայտարարությունը պատճառ դարձավ, որ Ռ. Քոչարյանն իր երկարատև լռությունից հետո հանդես գար ագրեսիվ քննադատությամբ` հողին հավասարեցնելով Տ. Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունն ու այդպիսով մեծապես վնասելով նաև Ս. Սարգսյանի` առանց այդ էլ օրեցօր անկում ապրող հեղինակությունը: Եվ ինչպես հիշում եք, Քոչարյանին հատկապես էմոցիոնալ հակադարձեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների` թվում էր` ցմահ նախարար Արմեն Մովսիսյանը, ում, սակայն, երեկվանից փոխարինում է Քոչարյանի ամենասիրելի կադրը:
Եթե վերլուծում ենք քոչարյանական «կովկասյան վագրի» կառուցվածքը, տեսնում ենք, որ դրա «առջևի 2 ոտքը» շինարարությունն էր, իսկ հետևինը` «հանքարդյունաբերությունը»: Եվ հենց այս երկու ոլորտներում նշանակելով Քոչարյանի սիրելի կադրերին` Ս. Սարգսյանը փորձում է կամ վերակենդանացնել «վագրին», կամ ի տես բոլորի, այդ թվում և` հենց Ռ. Քոչարյանի, ցույց տալ, որ «վագրն» ի սկզբանե էլ «կատու» է եղել:

Եթե Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի հեղինակ նախարարները կարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և նույն Քոչարյանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ` կրկնել երբեմնի հաջողությունը` լավ, դրանից հաստատ Սերժ Սարգսյանի հեղինակությունը չի տուժի: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վագրագետները» ձախողվեն, և չկարողանան ցանկալի տնտեսական աճ արձանագրել (ինչն, իհարկե, օբյեկտիվորեն չափազանց դժվար է` թե՛ ստացած ժառանգության, և թե՛ գլոբալ տնտեսական գործոնների պատճառով), այդ ժամանակ Ս. Սարգսյանը կկարողանա Ռ. Քոչարյանին և նրա տնտեսական քաղաքականության գովքն անողներին հակադարձել` ասելով` սա էլ ձեր թիմն էր, թե կարող էին` թող անեին:

Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խաղից շահած դուրս կգա, և որ ամենակարևորն է` երկու դեպքում էլ նա Ռ. Քոչարյանին կզրկի իր հենարանից. եթե քոչարյանական նախարարները լավ աշխատեն` «իրենով կանի» և կկիսի նրանց հաջողության դափնիները, իսկ եթե ոչ` պաշտոնանկ կանի` որպես ոչ պիտանի ձախողակների:




Լրահոս