Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում  հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բոլորն այսօր շնորհավորում են կառավարության նոր և վերանշանակված նախարարներին, սակայն ինքը չի շնորհավորում:

Այս հայտարարությանը արձագանքեց  ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը. «Հայկական սովորույթի համաձայն` հյուրերին ջերմ է պետք ընդունել»:

Փաշինյանն էլ հակադարձեց, որ խոստանում է հաջորդ անգամ ավելի ջերմ ընդունել նախարարներին:

«Պարզապես առաջին անգամ է, և հնարավոր է` կառավարության անդամներն այդքան ջերմությանը չդիմանան», – նշեց նա:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ արդեն իսկ պարզ էր, որ Փաշինյանը չի շնորհավորելու, ու պատմեց անեկդոտ, որ մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված` բոլորի կողմից՝ բացի Վալոդից:

Փաշինյանն էլ արձագանքեց, թե հույս ունի, որ Վալոդ անունով անձը կհամալրի արդարադատության նախարարության անձնակազմի շարքերը:

«Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն` որպես արդարադատության նախարար»,- նշեց նա:




Լրահոս