Ազատամարտիկները ժամանակավորապես դադարեցնում են պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների կողմից արդեն բավականին երկար ժամանակ մերժված ազատամարտիկների պայքարի ժամանակավոր դադարը կապված է ՀՀ ներկայիս ներքաղաքական վիճակի և չորս ոչ իշխանական ուժերի քայլերի հետ:

Armlur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց պայքարի նախաձեռնող ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյանը, ում փոխանցմամբ` իրենք չեն ցանկանում խոչընդոտել  քառյակի աշխատանքներին:

«Մենք մեր ծրագրերն ու հստակեցված քայլերն արդեն նախաձեռնել ենք: Եվ այս անգամ դրանք ավելի կտրուկ և վճռական են լինելու: Եթե նախորդ անգամ քիչ մարդկանց էինք կանչել, այս անգամ դրանց թիվն ավելանալու է»,- ասաց ազատամարտիկը:

Աբովյան փողոցը փակելու իրենց որոշման հետ կապված ազատամարտիկն ասաց, որ երկար մտածելուց հետո իրենք հասկացել են, որ պետք է փակել ոչ թե այդ փողոցը, այլ հենց իշխանության ներկայացուցիչների ճանապարհները:

«Էտքան կանչեցինք, ու  ոչ ոք համարձակություն չունեցավ դուրս գալ և պատասխան տալ: Մենք չենք հանձնվելու ու իրականացնելու ենք մեր բոլոր նախաձեռնությունները»,- իր խոսքում նշեց Մաղաքյանը` միաժամանակ հայտնելով, որ իրենց նախաձեռնած նոր ակցիան կիրականացնեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև, քանի որ իրենց խոսքերով` «դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդի համար երիցս վտանգավոր է պետականությունը և անկախությունը վերականգնած զինվորներին դահլիճ չտրամադրելը»:

Տաթև Հարությունյան




Լրահոս