«Բարձր երաժշտական մշակույթ ենք կրում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի՝ սկսած 2012 թվականից, ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:

Բնականաբար, այդ օրը կնշվի նաև Հայաստանում, որը հարուստ ջազային ավանդույթներ ունի: Թեև` «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը (Չիկո) մեզ խնդրեց, որպեսզի հայկական ջազ արտահայտությունը չօգտագործենք, որովհետև նման բան չկա:

«Հայկական բառը տվյալ դեպքում նեղացնում է մեր տեսադաշտը և ամբողջ պատկերը` հայաստանյան ջազի վերաբերյալ, որովհետև «հայկական ջազ» ասելով մարդիկ անպայման հայկական ելևէջներ են պատկերացնում, զուռնա-դհոլ, դուդուկ: Բայց դա այլ ոճի երաժշտություն է, որը կարելի է, որոշ ճշտությամբ, անվանել կա՛մ էթնո ջազ, կա՛մ ժամանակակից ավանգարդ ֆոլք»,- համոզված է արվեստի վաստակավոր գործիչը:

Ըստ նրա՝ ջազն ունի իր կանոնները, և Հայաստանում կան հրաշալի երաժիշտներ, ովքեր և՛ դասական ջազ են նվագում, և՛ քարոզում են այն: «Հայ երաժիշտը կարող է, ասենք թե, Շտրաուս, Շոպեն, Բախ, Չայկովսկի, Բեթհովեն նվագել, բայց դա հո չե՞նք անվանում հայկական դասական երաժշտություն: Մենք ունենք մեր հայկական դասական երաժշտությունը: Երբ հայ երաժիշտը ցույց է տալիս իր առնչությունը համաշխարհայինի հետ, դա ավելի արժեքավոր է, քան երբ նա զուռնա-դուդուկով նստում և ասում է՝ ես ջազ եմ նվագում: Ու բոլոր ջազ չիմացողները լսում են ու մտածում. «Եթե սա է ջազը, ուրեմն մենք մանուկ հասակում մեր գյուղերում դա լսել ենք»: Գոյություն ունի ջազային դասական նվագացանկ, որին վարպետորեն տիրապետում են հայաստանցի տարբեր երաժիշտներ»:

Մեր զրուցակիցն արդեն քանի տասնամյակ նվագում է, 2009-ից նաև Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարն է: Իսկ վերջին 30 տարիների ընթացքում ոչ միայն նվագում, այլ նաև դասավանդում է Կոնսերվատորիայում (երեք առարկաների ուսուցումը տարվում է իր իսկ կազմած ծրագրերով), մի քանի տարի առաջ հեղինակել է առաջին դասագիրքը, որը կոչվում է «Ռիթմ և շարժում»: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Ջազը Հայաստանում», որտեղ մանրամասն նկարագրված են հայաստանյան ջազի 75 տարիները:

Բացի այդ, պրոֆեսոր Արմեն Թութունջյանը պրոպագանդում է ջազը ռադիոյով և հեռուստատեսությամբ: Շուտով կլրանա նրա «Ջազի ժամ» հաղորդաշարի 16 տարին, հեռուստատեսային հաղորդաշարերի 600-ից ավելի ծրագրեր է ներկայացրել: Մեր զրուցակիցը շատ լավ ծանոթ է ջազի պատմությանը և, բնական է, ունի այն հարցի պատասխանը, թե ինչու հարևան երկրներում, ինչպես նաև, օրինակ՝ Ուզբեկստանում, Թաթարստանում, Թուրքմենաստանում և այլուր ջազը զարգացած չէ. «Չէի ասի, որ վրացիների ջազը ինչ-որ մակարդակ ունի, Բաքվի ամենահզոր ջազմեններն էլ հայեր են եղել:

Մեզ մոտ այն զարգացած է, որովհետև, նախ՝ կան ընդհանրություններ մեր հայկական երաժշտական ավանդույթների և ջազի տարրերի միջև: Եվ երկրորդը, որը շատ ավելի կարևոր է, մեր ժողովրդի երաժշտական մշակույթի զարգացած լինելն է: Մենք բարձր երաժշտական մշակույթ ենք կրում, ուրեմն նաև ի վիճակի ենք ընկալելու այլ երաժշտական մշակույթներ»:

Ջազմենի գնահատմամբ` եթե առաջ չգիտեին Հայաստանի տեղը, ապա հիմա Երևանը ջազի համաշխարհային քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի` տարբեր երաժիշտների հաջողությունների շնորհիվ:

«Ամենախոշոր հաջողությունը 2006-ին էր, երբ Տիգրան Համասյանը հաղթեց շատ լուրջ մրցույթում: Տաթևիկ Հովհաննիսյանին, Վահագն Հայրապետյանին են շատ լավ ճանաչում: Նա ի դեպ, ապահովում է նաև Երևան-Նյու Յորք կապերը հոյակապ երաժիշտների հետ… Էլ չեմ ասում, որ ունենք մեր հայկական հետքը նաև արտասահմանում»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս