ԱրցախիՀանրապետությանՆախագահԲակոՍահակյաննապրիլի 30-ինայցելելէՄարտակերտիշրջան:
Նախագահ Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարեւորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը եւ բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը:
Հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից երկուսը՝ հետմահու, եւ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ` բարերար Բորիս Սաղաթելյանին՝ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հատվածներից մեկը եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Նույն օրը ԼՂՀ Նախագահը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար մեծ ներուժ, եւ այն լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք եւ տեղերում նախաձեռնողականության խթանում: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն