Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Ալպհորն շվեյցարական նվագարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը ներկայացնում են «Օրկեստր+» Էլիանա Բուրկի համերգը մայիսի 2-ին, ժ.19:00

Առաջին անգամ Հայաստանում Էլիանա Բուրկին կներկայացնի Ալպհորն շվեյցարական ազգային նվագարանը՝ «Օրկեստր +» նախագծի շրջանակներում:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհի հեղինակավոր թատրոնների և համերգասրահների ցանկալի հյուր ալպհորնահար Էլիանա Բուրկիին երևանյան համերգում կընկերակցի Ազգային օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Էլիանա Բուրկին իր ծրագրում ալպհորնի միջոցով հայ հանդիսատեսի դատին է հանձնելու դասական, զաջային և էթնո երաժշտություն: Այս տաղանդավոր և հմայիչ շվեյցարուհին ալպհորն ինքնատիպ գործիքով փորձելու է մեկտեղել տարբեր մշակութների բազմաոճ արտահայտչաձևերը` հնարավորություն տալով ըմբոշխնելու ալպյան լեռների վեհանձնությունը:

Ի դեպ, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Օրկեստր+» նախագիծը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանի և նախագծի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն էր գրավել երիտասարդներին դեպի դասական արվեստը տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով:

Այս նախագծին հրավիրված և´ օտարազգի, և´ հայ երաժիշտները ներկայացնում են հանրամատչելի երաժշտություն: Նախագծում հանդես են եկել 2013թ. սեպտեմբերին շվեյցարական «Authentic Light Orchestra» ջազ-ֆոլկ խումբը` ծրագրում ընդգրկելով նաև հայկական երգեր: 2014թ. Լիբանանից մաեստրո Կարեն Դուրգարյանի հատուկ հրավերով Հայաստան ժամանեց Արևելքում ճանաչված դարբուկահար և երգահան Ռոնի Բարաքը` ներկայացնելու իր «Հայկական գեղեցկություն» ստեղծագործության առաջնախաղը, որով հեղինակը «լսելի» է դարձրել հայերի ներքին ու արտաքին գեղեցկությունը, ինչպես նաեւ ցեղասպանություն տեսած ժողովրդի հուզական ապրումները:

Ռոնի Բարաքի մենահամերգի մյուս ստեղծագործություններին ընկերակցեցին հրավիրված երաժիշտներ՝ ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, կիթառահար Վահան Արծրունին եւ թառահար Միքայել Ոսկանյանը: Նույն ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Կադանս» անսամբլի համերգը, վրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին զուգահեռ ներկայացվեց Ա.Պիացցոլլայի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը` Կարեն Անանյանի մշակմամբ:




Լրահոս