Այսօր Մայիսի 1-ն է՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որը տարիներ առաջ թե՛ սոցերկրներում, թե՛ նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ մեզ մոտ, նշվում էր մեծ շուքով:
armlur-ը փորձեց այդ տոնի վերաբերյալ իմանալ մեր մշակույթի բնագավառի ներկայացուցիչների կարծիքը:
Երբ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Մայիսի 1-ի տոնի մասին, նա հարցին հարցով պատասխանեց՝ ի՞նչ տոն: Իսկ երբ խնդրեցինք ամեն դեպքում բացել փակագծերը, նա հավելեց. «Ամբողջ աշխարհը տոնում է, թող տոնի: Հայաստանը չպիտի տոնի, որովհետև էլ բանվոր դասակարգ չի մնացել մեզ մոտ»:
Մենք հիշեցրինք, որ Մայիսի 1-ը ոչ միայն բանվոր դասակարգի, այլ7 ընդհանրապես աշխատավորության տոնն է:
«Հիմնականում դա պրոլետարական տոն է, իսկ մեզ մոտ էլ արդեն բանվոր դասակարգ չկա, այսինքն՝ աշխատավոր էլ չկա: Մեզ մոտ արդեն գռփողների դասակարգն է իշխում, և Հայաստանում պետք չէ Ձեր ասած տոնը նշել»,- եզրափակեց Ն. Ծատուրյանը:
Իսկ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը մասնավորապես ասաց.«Այնպես եղավ, որ անկախության տարիներին աշխատատեղերը կրճատվեցին, և մեզ մոտ հիմա միայն սպասարկման ոլորտի աշխատողներ են փորձում ունենալ: Այնպես որ, մի քիչ նույնիսկ վիրավորական է այդ տոնի մասին խոսելը:
Փոխանակ տոնը նշեն` ավելի ճիշտ կլիներ մտածել՝ ինչպես կարելի է աշխատավորներին, արտադրողներին աջակցել, որպեսզի Հայաստանում արտադրությունը զարգանա: Ես չեմ համարում, որ, ասենք, մշակույթի գործիչը, առավել ևս, առևտրականը աշխատավոր է:
Առևտրականի հոգեբանությունը աշխատողի, աշխատավորի հոգեբանության հետ հակասություն ունի, որովհետև աշխատողը մտածում է արտադրանք տալու, որակ բարձրացնելու, իսկ առևտրականը փորձում է, միջնորդ օղակ լինելով արտադրողի և սպառողի միջև, հարստանալ նրանց հաշվին էժանագին ձևերով, հաճախ նաև խորամանկությամբ»:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ