«Ֆինանսների նախարարությունը չպետք է լինի բյուջե ապահովող և բյուջե ծախսող նախարարություն: Բյուջեի մուտքերով չպետք է զբաղվի ֆինանսների նախարարությունը, քանի որ այս դեպքում շահերի բախում է առաջանում»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելով ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միավորման մասին:
Եթե բյուջեի մուտքերը պակասում են, ֆինանսների նախարարությունը գործի է դնում ֆինանսական մեխանիզմները, փոխանակ տնտեսագիտական մոտեցումներով առաջնորդվի, այն է մտածի` տնտեսության որ ճյուղերը զարգացնել այդ մուտքերն ապահովելու համար: «Իսկ ֆինանսների նախարարությունը, երբ տեսնում է, որ բյուջեի մուտքերը պակասել են, մտածում է, որտե՞ղ ակցիզային հարկ ավելացնի, որ պակասը լրացնի»,- ասաց բանախոսը:
ՊԵԿ-ը միանալով ֆինանսների նախարարությանը, ըստ Մակարյանի, ունենում ենք փակ շղթա. «Այսինքն` գումարները կհավաքվեն ու ֆինանսների նախարարությունը պետք է մտածի ծախսերի մասին: Այս առումով, բնականաբար, դրական չէ այդ երկու կառույցների միացումը, բայց կա դրական մի բան՝ վերահսկողությունը ծախսերի առումով հեշտանում է: ՊԵԿ-ը միշտ կարող է հստակ իմանալ` նախարարությունն ինչ դինամիկայով է աշխատում և այդ առումով կարող է բյուջեի ծախսերի մասը կանոնակարգել»:
Սոնա Դավթյան