Կանադական Տորոնտո քաղաքի սկանդալային համբավ ունեցող քաղաքագլուխ Ռոբ Ֆորդը որոշել է ընդմիջել իր նախընտրական քարոզչությունը և դիմել բժիշկներին` թմրանյութերից իր կախվածությունը վերացնելու նպատակով:
Տորոնտոյի քաղաքագլուխը շարունակում է մնալ աշխարհի քաղաքական գործիչների թվում ամենաերկիմաստ նյուզմեյքերներից մեկը: Այս անգամ նա որոշել է արձակուրդ վերցնել թմրանյութերից կախվածության դեմ բուժվելու նպատակով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցների ձեռքն է ընկել Ֆորդին կրեկ ծխելիս պատկերող երկրորդ տեսագրությունը, հայտնում է Russia Today-ը:
Ապրիլին Ֆորդը քարոզարշավ է սկսել Տորոնտոյի քաղաքագլուխ վերընտրվելու նպատակով: Վերջին հարցման տվյալներով, նրա օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 27%-ը: Ֆորդը հայտարարել է, որ պատրաստ է «ընդմիջում» հայտարարել իր քարոզարշավում: Անցած տարի քաղաքագլուխը հայտնվել էր մի քանի խոշոր սկանդալների կիզակետում: Ամենալայն արձագանքներն առաջացրել էր այն տեսագրությունը, որի վրա Ֆորդը կրեկ է ծխում: Քաղաքագլուխի ստիպված էր խոստովանել և քաղաքացիներից ներողություն խնդրել թմրամոլության համար:
Արդյունքում Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել էր նրա գրեթե բոլոր իրավասություններից: Սակայն փետրվարին Ֆորդը կրկին ստիպեց խոսել իր մասին: Այն ժամանակ նա աչքի էր ընկել գիշերային ակումբում, ուր փորձել է իրեն DJ-ի դերում: