Եւ այսպես, երեկ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության «Լյուստրացիայի մասին» (գաղտնազերծում) նախագծին:
«Գաղափարական առումով լյուստրացիայի մասին օրենքներն ընդունվել են հիմնականում արեւելաեվրոպական նախկին սոցիալիստական պետությունների կողմից՝ 90-ականների սկզբներին կոմունիստական վարչակարգից ձերբազատվելու համար: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ օրենքներ ընդունել են Մերձբալթյան հանրապետությունները եւ Վրաստանը: ԱՊՀ անդամ որեւիցե երկիր նման օրենք չի ընդունել»,-որպես եզրակացության մերժման հիմք` նշվում է, որ այդ երկրները գնացել են նախկին սոցիալիստական պետությունների իշխող կոմունիստական կուսակցությունների եւ հատուկ ծառայությունների ղեկավար անձնակազմի դեմ պայքարի գաղափարախոսությամբ: Իսկ «Ժառանգության» ներկայացրած նախագիծը, ըստ կառավարության, ողջամիտ մոտեցում չէ, քանի որ ներկայիս ՀՀ-ն անկախություն ստանալու ժամանակ իրեն հռչակեց որպես ՀԽՍՀ իրավահաջորդ: Դրա շնորհիվ Հայաստանում չեն իրականացվել նախկին կոմկուսի պաշտոնյաների կամ ԽՍՀՄ ՊԱԿ եւ ՆԳՆ աշխատակիցների հետապնդումներ, իսկ ԽՍՀՄ օրոք հատուկ ծառայությունների հետ համագործակցող գործակալների արարքները չեն դիտվել հակաիրավական: Կառավարության այս եզրակացությունն, իհարկե, սպասելի էր (ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը վերջերս այս թեմայով հարցազրույց էր տվել):
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքական էլիտան այս հարցին արմատապես անդրադարձել եւ «ոչ» է ասել դեռեւս անկախության առաջին տարիներին` այն ժամանակվա իշխանությունների օրոք:
Կառավարությունը նման մոտեցում դրսեւորեց նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական այն նախագծին, որով առաջարկվում էր ԱԱԾ գործակալներին չտալ մի շարք պաշտոններ` Ամենայն հայոց կաթողիկոսի, պատգամավորների, վարչապետի, Սահմանադրական դատարանի, դատավորների, գլխավոր դատախազի, Հանրային խորհրդի նախագահի, ՄԻՊ-ի, ԿԸՀ նախագահի եւ այլն: Իսկ նախագիծը կառավարությունը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ նախատեսված լրացումը կնեղացնի օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում համապատասխան մարմինների հետ որոշակի կատեգորիայի անձանց համագործակցության շրջանակը, կխոչընդոտի հետախուզությանն ու հակահետախուզությանը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ կառավարությունն ինքը չէր բացառել, որ նշված պաշտոնները զբաղեցնողները, հնարավոր է, գործակալներ լինեն:
«Մեր կառավարությանը պետք չէ, որ Հայաստանի անկախության աստիճանը բարձրանա, որովհետեւ այն օրինագիծը, որը ներկայացվել էր, ոչ թե վհուկաորս էր կամ ԱԱԾ աշխատակիցների բացահայտում, այլ բացառապես վերաբերում է երկրի անկախությանը սպառնացող նախկին գործակալներին, որոնք ցանկանում են կառավարման եւ ՏԻՄ համակարգերում բարձր պաշտոններ ստանալ»,-մերժումից առաջ հնչեցրած փաստարկներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կրկնեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Թեման ավարտենք այդ քննարկումներից վերջինի ժամանակ նախկին այլախոհ Ազատ Արշակյանի` լեզվաբան Հրաչյա Աճառյանի եւ ԿԳԲ-ական չեկիստի երկխոսության վերաբերյալ պատմածով. երբ ապտակ ստացած Աճառյանը չեկիստին հարցնում է. «Մի՞թե դուք չեք վախենում պատմությունից», վերջինս պատասխանում է «Քանի մենք կանք` չկա պատմությունը, երբ կլինի պատմությունը` չենք լինի մենք»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ