«ՎԻԿԻԼԻՔՍ» ԿԱՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշել էր, որ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ով հայաստանյան հանրությանը ծանոթ է իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային  բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ. ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում` Կամո Ավագումյանի եւ Գենադի Ստեփանյանի, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները: Իսկ մտերմության պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը  պատրաստվել է  Սմբատ Կարախանյանին ձերբակալել, ինչը տեղի չի ունեցել Կամո Ավագումյանի միջամտությամբ:
Սմբատ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը համարեց գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն, «որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ»: «Ակնհայտ է, որ քրեա-օլիգարխիկ թալանչիների տեխնոլոգները պատրաստվում են ընտրություններին, բայց նման անլուրջ հնարքներով հաստատ կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»,-ավելացրեց Կարախանյանը: Նա նույնիսկ ակնարկեց, որ հակակոռուպցիոն կենտրոնը, որտեղ աշխատում է նաեւ ինքը, հնարավոր է` առաջիկայում հանդես գա «Վիկիլիքս»-ին ոչ մի բանով չզիջող բացահայտումներով: Միայն այն տարբերությամբ, որ դրանք կարող են պաշտոնական լինել: Կարախանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր վաղվա համարում:




Լրահոս