ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՇՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ մի քանի խոշոր տնտեսվարողներ իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բնույթով աննախադեպ եւ օրենսդրության խախտման տեսանկյունից լուրջ չարաշահումներ: ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացրին, որ խոսքը կաթնամթերթի շուկայում գործող խոշոր ընկերությունների մասին է:

ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը` Ստեփան Միքայելյանի նախագահությամբ, մերժել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը` կապված Թաթուլ Մանասերյանի հայցի հետ, եւ առաջին ատյանի վճիռը թողել ուժի մեջ: «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունը բողոքարկելու է վճիռը նաեւ Վճռաբեկ ատյանում:

ՄԵՂՄ ՄԻՋՈՑՆԵՐ
Դեկտեմբերի 13-ի ձերբակալված ԵԿՄ անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր, Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի նկատմամբ երեկ դատարանը խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չբացակայելու մասին: Միրզախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը հատկանիշներով: Կասկածյալի մոտ հայտնաբերվել էր 7,4 գրամ թմրանյութ: Ի դեպ, նոյեմբերի 17-ին ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նույնպես փոխվել էր:

«ԿԼԻԶՄԱ»-ՄՈՍԿՎԱ ՇԱՐՔԻՑ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ միանգամից չի հասկացել ցուցարարների կրծքին փակցված ճերմակ ժապավենների իմաստը. «Անկեղծ ասած, երբ ես էկրանին տեսա ոմանց կրծքին փակցված այդ ժապավենները, անհարմար է ասել, բայց մտածեցի, որ դա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզչություն է, եւ դրանք, պարդոն, այդպիսի հակաբեղմնավորիչներ են»:

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
Երեկվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 3 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնել է, որ նրանք բողոքում են իրենց վճիռները եւ քրեական գործերն անարդարացի կազմելու եւ կայացնելու դեմ:




Լրահոս