Սողոմոն Քոչարյանի դուստրն ինքնասպան չէր լինի, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը armlur.am-ի հետ զրույցում գնահատեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործունեությունը:

«Ոչ մի հարց երեք տարվա ընթացքում չի լուծվել: Ես Թովմասյանին նամակ եմ գրել, որին արդեն կպատասխանի նորանշանակ նախարարը»,- ասաց տիկին Մուրադյանը:

Նրա խոսքով` նամակում խոսվում է ցմահ դատապարտյալների խնդիրների  մասին, որոնք երեք տարի շարունակ չեն լուծվել նախկին նախարարների հետ: Տիկին Մուրադյանը միաժամանակ վստահեցնում է, որ բացի նամակ հղելուց` պատրաստվում են նաև հանդիպելու նորանշանակ նախարարի հետ:

Տիկի՛ն Մուրադյան, ո՞րն  է ամենակարևոր խնդիրը, որ հուզում  է ցմահ դատապարտյալներին:

-Նրանք բողոքում են ոչ թե իրենց պահման պայմաններից, այլ անարդար վճիռներից ու դատավճիռները չվերանայելուց, մասնավորապես՝ 15 տարուց ավելի դատապարտվածների գործերի վերանայումն է կարևոր խնդիր:

-Բայց  ներկայիս համակարգում մեր պաշտոնյաները, հատկապես՝ արդարադատության ոլորտում, չեն կարող որևէ բարեփոխում անել, եթե վերևից հրահանգ չկա: Միգուցե Թովմասյանի ձեռքերը կապված են եղել, որի պատճառով էլ չի կարողացել  բարեփոխումներ անել:

-Դա արդեն Թովմասյանը պետք է ասի, բայց ես բարեփոխում անելու ճիգ, անկեղծ ասած, չեմ տեսել: Երբ երեք տարի, երեք ամիս առաջ հանդիպեցինք Թովմասյանի հետ, ես իրեն այդ հարցը տվեցի, նա պատասխանեց, որ ինքը ոչ մեկի հրահանգին չի սպասում, քանի որ դրա կարիք չկա:

Ես ստույգ չեմ մեջբերում իր խոսքերը, բայց եզրահանգումը, որ արեցինք, մեկն էր` խնդիր չկա անդրադառնալ ցմահ դատապարտյալների  հարցերին: Դրանից հետո հանդես ենք եկել ցմահ դատապարտյալներին առնչվող նախագծով, որի ընդունումը հետաձգվում է:

Կարծում եմ` Արդարադատության նախարարը, եթե կամք ունենար, կպնդեր, որ օրինագիծը քննարկվեր` գոնե էս վերջին կես տարվա հրապարակումները հիմք ընդունելով: Կան գործեր, որոնք պարտադիր պետք է վերանայվեն: Եթե մարդկանց մի մոտ մի փոքր արդարության զգացում լիներ, ապա Սողոմոն Քոչարյանի դուստրն ինքնասպան չէր լինի, այլ հույս կունենար, որ հայրը մի օր դուրս կգար, որ արդարությունը կհաղթանակի:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ նախարարից:

-Չեմ ճանաչում, բայց ամեն անգամ, երբ մի նոր մարդ է գալիս, մի փոքր հույս արթնանում է: Համենայն դեպս, առաջին քայլը կլինի նրա հետ հանդիպելը:

Սոնա Դավթյան




Լրահոս