Օրերս Սերժ Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարար է նշանակել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին, իսկ արդեն երեկ էլ պետական եկամուտների կոմիտեն միացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Armlur.am–ը զրուցել է ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ՝ նորանշանակ նախարարի վերաբերյալ նրանց տեսակետը պարզելու համար:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
–Պարո՛ն Սահակյան, ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը համարվում է ամենավարկաբեկված ՀՀ պաշտոնյան: Կարելի է ասել, որ հասարակության կողմից «չընդունված» պաշտոնյա է Գ. Խաչատրյանը: Այդ դեպքում ինչո՞ւ նա նշանակվեց նախարար:
–Սովորաբար, նման նշանակումներից հետո որևէ տեսակետ չի ասվում: Բայց ինչ-որ մեկը պետք է, չէ՞, նշանակվեր ՀՀ ֆինանսների նախարար, ու ով էլ նշանակվեր, պետք է հարց ուղղեիք, թե ինչու են հենց նրան նշանակել այդ պաշտոնում:
Վարկաբեկված ասելը շատ սխալ է, ուղղակի մարդիկ կան, որ ընդունում են, իսկ մարդիկ էլ կան, որ չեն ընդունում: Այդպես չի կարելի կաղապարել, որ մեկը վարկաբեկված է, մյուսը՝ ոչ: Խնդիրը այստեղ լավ կամ վատ թեկնածուի մեջ չէ, խնդիրն այն է, որ որոշվել է, որ այդ պաշտոնում պետք է նշանակվի Գագիկ Խաչատրյանը, և վե՛րջ:
ԱԺ ՀԱԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
–Պարո՛ն Զուրաբյան, խնդրում եմ, նշե՛ք Ձեր տեսակետը ՀՀ նորանաշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին: Ըստ Ձեզ՝ նա միակ արժանավոր թեկնածո՞ւն էր, որ պետք է նշանակվեր այդ պաշտոնում:
–Բոլոր գնահատականները ժամանակին տրվել են:
-Գ. Խաչատրյանը համարվում է ամենավարկաբեկված պաշտոնյան: Ի՞նչ եք կարծում, նա կկարողանա՞ նման վարկանիշով գերատեսչություն ղեկավարել:
–Համաձայն եմ Ձեզ հետ վարկաբեկման առումով: Մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ իշխանությունում այն մարդիկ են, որոնք խոշոր սեփականատերեր են ու բիզնեսմեններ:
Սա նշանակում է, որ գոյություն ունի ավազակապետություն, մարդիկ իշխանությունը վերցրել են միայն մի նպատակով` իրենց հարստացնելու, իրենց համար արտոնյալ վիճակներ ստեղծելու համար: Սա է հենց ավազակապետությունը:
ԱԺ «Ժառանգություն» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
–Պարո՛ն Հակոբյան, «Ժառանգություն»-ն ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ ֆինանսների նորանաշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի նշանակմանը:
–Մենք որևէ անձի նշանակման մասին որևէ գնահատական չենք տալիս: Կառավարության ընդհանուր գնահատականը մենք կտանք այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունն իր ծրագրով, իր թիմով ներկայանա ԱԺ:
ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
–Պարո՛ն Գրիգորյան, խնդրում եմ ասել ԲՀԿ-ի տեսակետը ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի մասին:
–Մենք խմբակցությունում այդ հարցը չենք քննարկել: Երբ որ քննարկենք այդ հարցը, այդ ժամանակ էլ կպատասխանեմ: Այս ընթացքում ԲՀԿ-ն որևէ գնահատական չի տալու նորանշանակ նախարարների և վարչապետի մասին: Կսպասենք աշխատանքներին, այնուհետև կտանք մեր գնահատականը:
Հ.Գ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս ասաց, որ ՀՅԴ-ն սպասում է, երբ վերջնական կձևավորվի ՀՀ կառավարությունը, ինչից հետո էլ կներկայացնեն իրենց ծրագիրը, որից հետո էլ իրենք կտան իրենց գնահատականը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ