ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական-բարեգործական-հասարակական կազմակերպությունը համագումար է հրավիրել: Կազմակերպության անդամները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ դա իրենց հերթական համագումարն է, եւ որեւէ  կոնկրետ հարց չի քննարկվելու: Համագումարին ներկա է լինելու նաեւ ՀՄ-ի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նշված օրը` ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բարեգործական-հասարակական կազմակերպության 5-րդ համագումարը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` համագումարում կամփոփվի կատարված աշխատանքը եւ կուղենշվեն հետագա անելիքները, տեղի կունենա նաեւ ղեկավար կազմի ընտրություն:
Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն, «Նիգ-Ապարան»-ի մշակութային բաժնի պատասխանատու Օֆելյա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ դա իրենց հերթական համագումարն է լինելու. «Երկու տարվա կատարած աշխատանքի հաշվետվությունն է  եւ կազմակերպչական հարցեր: Համագումարները միշտ եղել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ մենք համագումարի հաշվետու ժամանակահատվածն ենք ամփոփում»: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ համագումարի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս ներկա է լինելու: Տեղեկացանք նաեւ, որ համագումարի ժամանակ ներկայացվելու է ֆիլմ, որը կպատմի այս տարիների ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքի մասին:
 Մեր այն հարցին, թե «Նիգ-Ապարան» հայրենակցական-բարեգործական-հասարակական կազմակերպությունն արդեն որոշել է` Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում որ քաղաքական ուժին է սատարելու, տիկին Պետրոսյանն  ասաց. «Մենք այսօր ոչինչ ասել չենք կարող, մենք մեր համագումարն ենք անում, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Այդ հարցերը տվե՛ք նախագահին: Մի բան էլ ասեմ, եթե մենք քաղաքականությամբ զբաղվեինք, այսքան չէինք հարատեւի եւ այսքան կուսակցություններից բազում ներկայացուցիչներ չէինք ունենա, բազմակուսակցական հայրենակցական միություն է: Միանշանակ կարող եմ ասել, որ քննարկում չի լինելու, թե ում կողմը կլինենք»:
Նույն հարցի հետ կապված` «Նիգ-Ապարան» հայրենակցական-բարեգործական-հասարակական կազմակերպությՈն անդամ Սերգեյ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ես կարծում եմ, որ նման հարց չի առաջանալու, եթե նման բան էլ լինի, համագումարին կասվի: Բայց ես տեղյակ չեմ: Մեր կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է եւ քաղաքականությանը չի խառնվում»: Այդպես է կարծում նաեւ  «Նիգ-Ապարան» ՀՄ խորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե Վրեժ Մարկոսյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը` որպես ԱԺ պատգամավոր, ընդ որում, այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու է նաեւ Լյովա Խաչատրյանը: Պատասխանելով այս մասին «Ժողովուրդ»-ի հարցին` նա ասաց. «Լուրեր կան, բայց առայժմ` ո՛չ»:
ԱԺ անկախ պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպության խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանն այս առումով ավելի կողմնորոշված է, նա կրկին հաստատեց, որ առաջադրվելու է. «Իհարկե որոշում է տարածքի ժողովուրդը, երկրի ղեկավարությունը, բայց կարծես թե իմ աշխատանքը խորհրդարանում ստացվել է, հետեւաբար դնելու եմ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս