ԱՌԵՐԵՍՈՒՄ ՀԱՐՍՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր երկու նախկին հարսներին դաժանաբար ծեծի ու կտտանքների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, երեկ ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում առերեսվել է իր զոհերի հետ:
«Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ`  առաջին հարսը հրաժարվել է ասել, որ սկեսուրը հարվածել է իր աչքին` նշելով, թե ինքը 8 տարեկանից աչքի խնդիր է ունեցել: Նա միայն ասել է, որ սկեսուրն իրեն ծեծել է: Երկրորդ հարսը` Մարիամ Գեւորգյանը, եւս առերեսվել է սկեսուրի հետ եւ պնդել մինչ այդ ասածները:
Հիշեցնենք՝ մամուլով հրապարակվել էր, որ Հայկանուշ Միքայելյանն իր հարսին` Մարիամին, ահավոր ծեծի էր ենթարկել, տանջել` արդուկով այրելով մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, քաշել ու պոկել մազերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, կոտրել քիթը, անկյուն կանգնեցրել, արգելել լվացվել ու լողանալ:
Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նա ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հունվարից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Հայկանուշ Միքայելյանը հայտնաբերվել է ՌԴ-ում եւ դեկտեմբերի 12-ի երեկոյան էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան: Եթե Մարիամի սկեսուրը մեղավոր ճանաչվի, ապա նա, ըստ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների, կդատապարտվի ազատազրկման 5-10 տարի ժամկետով:    




Լրահոս