ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն Հ1, Հ2 եւ ռուսական ԿՀՁ հեռուստաընկերությունների հաղորդումները: Եթերում «բացը» լրացնում են վրացական բազում հեռուստաալիքները: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի վկայությամբ` ով հնարավորություն ունի, արբանյակային ալեհավաք է գնել, որպեսզի հետեւի  հայկական հեռուստաալիքների ծրագրերին:
Տեղի մշակութային կյանքի համար խնդիր է նաեւ այն, որ արդեն հինգ տարի` Բագրատաշենի շուկայի փակումից հետո, տեղի ակումբը գտնվում է մաքսային փակ գոտում` փշալարից այն կողմ, եւ բագրատաշենցիները չեն կարողանում օգտվել դրանից: Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերին  սահմանակից համայնքում ծանր են նաեւ կենցաղային պայմանները: Բագրատաշենը գազաֆիկացված չէ, գյուղը  խմում է  ծանր մետաղներով եւ զանազան աղբով կեղտոտված Դեբեդ գետի ափին փորված խորքային հորից մղվող անորակ ջուր: Բագրատաշենի շուկայի գործելու տարիներին այստեղ բնակչության հոսք կար, շուկան բազում աշխատատեղեր էր ապահովում: Ներկայումս 3150 բնակիչ ունեցող Բագրատաշենից մեծ թափով շարունակվում է արտագաղթը: Մինչդեռ Հայաստանի հյուսիսային մուտքի մոտ գտնվող գյուղի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի:




Լրահոս