ԲՀԿ-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուտով կմեկնարկի իրավաբան Նարեկ Ալոյանի հայցը՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց հայցվոր Նարեկ Ալոյանը, ում փոխանցմամբ` ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ըստ արժանվույն չի կատարել իր իրավունքներն ու պարտականությունները:

«Տեղեկատվություն ստանալու մասին օրենքի համաձայն` իրենք պարտավոր էին հարցում ստանալուց հետո սահմանված ժամկետներում պատասխանել դրան: Ես նրանց ուղարկել եմ 5 հարցում, որոնցից ոչ մեկին պատասխան չի տրվել: Առաջին հարցումը 2012 թվականին եմ ուղղել, երկրորդը` մի քանի ամիս առաջ»,- պատմեց Ալոյանը:

Նրա խոսքերով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չի արձագանքել իր հարցերին, իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջից պատասխանել են, որ էջին հետևում է նրա օգնական Աննա Ավագյանը: Վերջինս հայտնել է, որ կոնկրետ լրատվական ծառայությունն անդադար, առանց բացառության պատասխանում է բոլոր հրապարակումներին, իսկ «մնացածն իրենց իրավասության հարցը չէ»։

Այնուամենայնիվ, ըստ Նարեկ Ալոյանի՝ դատական հայցն այս պահին գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` բոլոր փաստերով և նյութերով հանդերձ:

Իրավաբան Նարեկ Ալոյանի հավաստմամբ՝ եթե պատասխանող կողմն ունենար համապատասխան փաստերը, ապա գործը կկարճվեր:

Armlur.am-ի հարցին, թե հնարավոր է՝ հայցադիմումը նրա նախաձեռնությունը չէր, այլ՝ ինչ-որ երրորդ անձի, Ալոյանը հերքեց` հավաստիացնելով, որ պատվերի մասին խոսք ընդհանրապես չի կարող լինել, քանի որ ցանկացած քաղաքացի, ում իրավունքը ոտնահարվում է, այս դեպքում, խոսքը տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին է, պետք է պայքարի իր իրավունքների համար:

Վերջում Ալոյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել` ավելի թափանցիկ դարձնելու իրավիճակը: Այս մասին, իրավաբանի փոխանցմամբ, ինքը ապրիլի 25-ին հայտնել էր նաև ԲՀԿ մամուլի ծառայությանը, սակայն, իմանալով, որ այդ օրը ԲՀԿ-ի կազմավորման օրն է, ենթադրել է, որ տոնախմբությամբ տարված լինելու պատճառով իրեն չեն կարող պատասխանել:

«Ապրիլի 28-ին, իմանալով ԲՀԿ 10-ամյակի մասին, որոշեցի հետաձգել դատական նիստի վերաբերյալ ասուլիսը՝ կուսակցության համար տոնական օրը բացասական ինֆորմացիայի շրջանառության չվերածելու համար։ Արդյունքում, պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ, և՛ կուսակցության նախագահը, և՛ կուսակցության անդամները մոռացել էին իրենց տոնի մասին»,- եզրափակեց Ալոյանը։

Տաթև Հարությունյան




Լրահոս