Նոյեմբերի 28-ի վիլնյուսյան վճռորոշ գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի իշխանությունները հետ կանգնեցին ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից: Երեկ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել դադարեցնել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ` Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է տնտեսական ոլորտը համակարգող նախարարներին ԱՊՀ պետությունների հետ առեւտրի զարգացմանը, արտադրական եւ տեխնոլոգիական փոխգործակցությունը խթանելուն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչը, ըստ Ուկրաինայի կառավարության, կնպաստի երկրի տնտեսական կայունության ապահովմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Այսպիսով պետք է արձանագրել, որ Վլադիմիր Պուտինի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում Վիկտոր Յանուկովիչի ունեցած հանդիպումներն ունեցան շատ ավելի լուրջ էֆեկտ, քան մինչ այդ ամիսներ ձգված գազային եւ կոնֆետային պատերազմները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որոնք, ի դեպ, միլիոնների վնաս հասցրին ուկրաինական տնտեսությանը: Հատկանշական է, որ չնայած կրած բոլոր զրկանքներին, Ուկրաինայի իշխանությունները անդրդվելի էին… մինչեւ Պուտինի հետ Յանուկովիչի առանձնազրույցը: Եվ եթե Սերժ Սարգսյանը գոնե այնքան բարեկիրթ գտնվեց, որ եվրոպացիներին փաստի առջեւ կանգնեցրեց գագաթնաժողովից երկուսուկես ամիս առաջ, ապա Վիկտոր Յանուկովիչը դա, փաստորեն, թողեց վերջին պահին: Սակայն երկու դեպքում էլ, ակնհայտ է, որ բեկումը հաջորդեց Պուտինի հետ զրույցին: Թե ինչ մոգական խոսքեր է ասել Պուտինը կամ ինչ գերհզոր փաստարկներ է ներկայացրել, որոնց մասին ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի իշխանություններն ու քաղաքական շրջանակները մինչ այդ չէին մտածել, մնում է առեղծված: Թեեւ, քաղաքական հնաբնակներն այս ամենի հետ կապված ունեն իրենց պարզունակ թվացող, սակայն դեռեւս հնագույն ժամանակներից քաղաքական հարաբերություններում անվրեպ աշխատող հիմնավորումը. ըստ այդմ` թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի ոչ անբասիր կենսագրություն ունեցող նախագահների առջեւ դրվել են կոմպրոմատային համապատասխան պարունակության թղթապանակներ: Տուրք չտալով, միեւնույն ժամանակ եւ` չբացառելով նման հավանականությունը, պետք է նշել նաեւ Հայաստանի դեպքում խաղարկված Ղարաբաղի եւ հայ-թուրքական սահմանի գործոնները, իսկ Ուկրաինայի դեպքում` Յուլիա Տիմոշենկոյի իշխանության վերադարձի եւ երկրի արեւելյան ռեգիոններում սեպարատիստական տրամադրությունների հրահրման խաղաքարտերը, որոնք, ի վերջո, գործեցին հօգուտ Ռուսաստանի: Արդյունքում` անկախ պատճառներից, կարեւոր է այն, որ այս փուլում ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը ձախողվեց, համենայնդեպս, այն տեսքով, ինչպես որ ծրագրված էր: Սա իր հերթին կարող է դրական արդյունք ունենալ մեզ համար` Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների կառուցման նոր հնարավորությունների ստեղծման առումով: Եթե իհարկե, մինչ այդ Ռուսաստանը նման թեկուզ փոքր հնարավորության տեղ թողնի:
ԵՄ-Ն ՁԱԽՈՂՎԵՑ (խմբագրական)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ