ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու նպատակով: Իսկ մինչ այդ՝ Վիեննայում նրանց հանդիպումից հետո, տեղեկություններ տարածվեցին, որ հնարավոր է` Հայաստան ժամանի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուին հայկական կողմն է հրավիրել` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին: Ինքը` Դավութօղլուն, թեեւ չի բացառել Հայաստան այցը, բայց եւ նշել է, թե այդ ամենը կախված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքից: Այս թեմայով «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

-Վիեննայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին, որ կողմերը պատրաստվում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել: Կարելի՞ է ենթադրել, որ արդեն իսկ նշմարվում է ԼՂ խնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում:
-Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, բայց ելնելով Ալիեւի հայտարարություններից՝ չեմ կարող նույնն ասել Ադրբեջանի մասին: Թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ալիեւը, կախված է նրա հայտարարություններից:
-Այսինքն` կարծում եք, որ գործընթացի շարունակությունն այսօր կախված է Ալիեւի՞ց:
-Ոչ թե Ալիեւից է կախված, այլ կախված է մեզանից` ըստ էության: Բանակցում են երկու կողմերը: Ադրբեջանական կողմի համար մենք չենք կարող որոշակի գնահատականներ տալ:
-Իսկ Հայաստանը պատրա՞ստ է ԼՂ խնդրում փաստաթուղթ ստորագրել:
-Որեւէ փաստաթղթի ստորագրում առաջիկայում չի նախատեսվում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խնդրի լուծումը տեսնում ենք բանակցային պրոցեսում: Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, եւ այդ կոնտեքստում պատրաստ ենք քննարկումներ անել ցանկացած հարցի շուրջ: Հիմնական սկզբունքները պետք է լինեն ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ «ո՛չ»՝ պատերազմին:
-Իսկ բանակցային սեղանին եղած փաստաթղթի` Մադրիդյան սկզբունքների հետ Հայաստանը համաձա՞յն է, թե՞ ոչ:
-Մադրիդյան սկզբունքները բացմիցս հրատարակվել են: Այդ փաստաթուղթը դրված է բանակցային սեղանին: Այն ստորագրելու կամ չստորագրելու փաստաթուղթ չէ: Եթե ադրբեջանական կողմը եւս կհամաձայնի, ուրեմն փաստաթուղթը կքննարկվի, կվերլուծվի: Այնպես որ, չկա ստորագրված որեւէ փաստաթուղթ, որ որեւէ կողմին պարտադրի՝ դրա դրույթներն իրականություն դարձնի:
-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո խոսվում է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Երեւան այցի հավանականության մասին: Արդյո՞ք այդ ամենն իրար հետ կապված չէ:
-Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխկապակցված լինի, որովհետեւ ես ծանոթ եմ նաեւ թուրքական կողմի խաղերին: Ընդամենը Երեւանում նախատեսված է Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում անցկացնել ԱԳ նախարարների հանդիպում: Այնպես որ, դա կախված չէ Հայաստանի դիրքորոշումներից: Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳ նախարարները պետք է գան Հայաստան, եւ Թուրքիայի գործն է` կգա ինքն էլ, թե ոչ:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ այցը որոշակի թարմություն մտցնի հայ-թուրքական հարաբերություններում, ֆուտբոլային դիվանագիտության մեջ:
-Եթե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը, ապա անհրաժեշտ է, որ Թուրքիան կարողանա իրացնել միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունը: Եվ այդ գործընթացում նոր պայմանների առաջադրումը մեզ համար ոչ միայն ընդունելի չէ, այլեւ իսպառ մերժելի է:
-Դավութօղլուի գալու դեպքում հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշարժ կգրանցվի՞, թե՞ ոչ:
-Նայած` ինչի համար է գալիս, արդյոք ասելիք ունի, թե չունի: Դա դիվանագիտություն է: Կարող է՝ Հայաստան գալը կապված լինի իրենց խնդիրների հետ կամ էլ պարզապես աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար: Այսինքն` մենք այնտեղ որեւէ գնահատականի, գալու-չգալու խնդիր չունենք: Ամենալավ վիճակն այն կլինի, որ դրական լուծումների հանգենք: Բայց ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից դրական մոտեցման, դրական պատասխանի ակնկալիք չունենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս