ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՎԱՃԱՌՎԵՑԻՆ

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը երեկ հրավիրած ասուլիսում հիշեցրել է երբեմնի արմատական ընդդիմադիրների «քաղաքական կերպարանափոխությունը». «Մեր դժբախտությունը նրանում է, որ պատմությունը շուտ ենք մոռանում. մոռանում ենք, որ 2004թ. ապրիլի 13-ի գիշերը, երբ ՕԵԿ ղեկավարը, ով ԱԺ նախագահ էր, իր տարածքում՝ ԱԺ տարածքում, տեղավորեց մահակավորների, որոնք հետո ջարդեցին ժողովրդին: Նա դեռ պատասխան չի տվել: Նույն Արտաշես Գեղամյանը որտե՞ղ է: 2002թ. մենք ստեղծեցինք սոցիալիստական ուժերի բլոկ՝ տասներկու կուսակցություններով, ու որոշեցինք պաշտպանել Գեղամյանի թեկնածությունը. ինչպես վաճառվեց, որտեղ է նա՝ տեսաք»:

ՀՈՒՅՍԸ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ Է

Օֆշորային հայտնի սկանդալի արդյունքում ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ներկայացրել է իր ձեռքից խլված ունեցվածքի ցուցակը: Ըստ նրա` իրենից վերցրել են «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաեւ իր տունը: Գործարարը նշել է, որ ներկայումս վարձով է ապրում: Եվ դա այն դեպքում, երբ իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են էկոնոմիկայի նախարարությունում նախարարի ներկայությամբ: Փ. Հայրապետյանն այս ամենում մեղավոր է համարում նաեւ «Ամերիա» բանկին: Այդուհանդերձ, իր ունեցվածքը հետ բերելու միակ հույսն այսօր կապում է «Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ:

ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է

Երեկ կայացած ՀԱԿ խմբակցության նիստում քննարկվել է կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, եւ որոշվել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:




Լրահոս