ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի կառավարության երեկվա նիստը, կարելի է ասել, առանձնահատուկ էր թե՛ հարցերի քանակով (ընդգրկված էր 60 հարց), թե՛ բովանդակության առումով: Սովորաբար կառավարության նիստերն անցնում են բավական միօրինակ եւ անհետաքրքիր. դրանց ընթացքում շատ հազվադեպ են քննարկումներ ծավալվում, առավել հաճախ լսելի է լինում բացառապես վարչապետ Տիգրան Սարգսյանի ձայնը, որն ամբիոնի մոտ է հրավիրում հարցը զեկուցողին, ինչից հետո բոլորը միաձայն, առանց «ծպտուն» հանելու համաձայնում են զեկուցողի հետ: Իսկ երեկ իրավիճակն այլ էր. անսովոր ակտիվ էին ե՛ւ Տ. Սարգսյանը, ե՛ւ կառավարության անդամները, հատկապես օրակարգային հարցերը ներկայացնողները: Ընդսմին` վարչապետն այնքան էր «անկեղծացել», որ օգտագործում էր «ախպեր ջան» դիմելաձեւը:

Կառավարության նիստի հենց սկզբում Տ. Սարգսյանը հայտարարեց. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ-ի միացումը Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին: Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները: Աշխատանքային խմբի առջեւ խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, եւ աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը»:
Ըստ վարչապետի՝ այդ ծրագրի իրականացման համար գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում. «Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել: Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները եւ այն, թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ եւ ներկայացնել նախագահների հաստատմանը»: Թե ինչով է պայմանավորված ՀՀ կառավարության կողմից նման շտապողականությունը, վարչապետը չփաստարկեց: Մինչդեռ տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ-ն մինչեւ դեկտեմբերի վերջ միանա ՄՄ-ին, քանի որ եթե մինչեւ այդ չմիանա, ՌԴ-ն ստիպված է լինելու գազի սակագինը բարձրացնել:
Այս թեման, բնականաբար, չարծարծվեց, եւ վարչապետի այս հայտարարությունից հետո կառավարության անդամները սկսեցին ներկայացնել իրենց հարցերը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթին կտեղափոխվի 2013թ. դեկտեմբերի 28` շաբաթ օր: Նա նաեւ նշեց, որ Ամանորի արձակուրդը սկսվելու է դեկտեմբերի 30-ին եւ ավարտվելու է հունվարի 8-ին: Սակայն այդ հայտարարությունը չբավարարեց ՀՀ վարչապետին, որը սկսեց մանրամասն քննարկել հանգստյան օրերի հարցը: Նա Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե արդյոք հունվարի 8-ն էլ աշխատանքային չէ, վերջինս էլ ասաց, թե 8-ն արդեն աշխատանքային է: «Այսինքն՝ 7-ը ներառյալ հանգստյան օր է»,-եզրակացրեց վարչապետը, ապա հայտարարեց, թե այդ դեպքում դեկտեմբերի 29-ը կիրակի է, ինչն էլ նշանակում է, որ դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 7-ն են հանգստյան օրերը: Հոգսաշատ երկրի կառավարության նիստում հանգստյան օրերի շուրջ այդ երկարաշունչ քննարկումից այնպիսի տպավորություն էր, որ վարչապետն այլեւս չի կարողանում աշխատել ու ամեն ինչ անում է` հստակ պարզելու համար, թե քանի օր է հանգստանալու:
Ինչեւէ. մեռելոցների եւ հանգստյան օրերի «խիստ կարեւոր» հարցը հստակեցնելուց հետո Տ. Սարգսյանը նկատողություն արեց ՀՀ-ում ծխելու դեմ պայքարող ՀԿ-ներին, երբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անդրադարձավ այդ խնդրին: «Մենք ինչո՞վ կարանք օգնենք, որ խնդրի մասին առաջին հերթին հասարակությունը բարձրաձայնի, մեզ աջակցի»,-Դ. Դումանյանին դիմեց վարչապետը: Ի պատասխան՝ նախարարը նշեց, թե այդ խնդրի հետ կապված՝ կառավարությունը բավական շատ միջոցառումներ է իրականացնում: «Ա՛յ մարդ, զարմանալի ա, էս բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, էն դեպքում, երբ ռիսկերը եթե համադրենք, ստեղ առարկայական ա, ամեն օր մարդ ա մահանում: Այսինքն՝ ռիսկերը ծխախոտի չարաշահման ոլորտում շատ ավելի մեծ են էսօր ՀՀ-ում եւ առողջապահական վիճակագրությունն ա դա փաստում, բայց, չգիտես ինչի, հասարակությունը շատ ավելի հանդուրժող ա այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երեւույթի»,-տարակուսեց չծխող, սակայն խմող (պապի պատգամներով) վարչապետը:
Անսովոր աշխույժ անցավ նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Դրա ընթացքում վարչապետն այնքան ոգեւորվեց, որ մոռանալով՝ ինքը կառավարության նիստ է վարում, սկսեց «տնավարի» բացատրել. «Ախպե՛ր ջան, մենք ասում ենք, որ բիզնես գրանցելը հեշտ է, բայց ասում ենք` բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը: Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը»: Խոսակցությանը միջամտեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, ինչից հետո Սարգսյան-Թովմասյան-Ալավերդյան եռյակի միջեւ լուրջ բանավեճ ծավալվեց: Ի վերջո, որոշվեց հարցի լուծումը թողնել ԱԺ-ին:
Նիստի ավարտից հետո ոչ մի նախարար դուրս չեկավ կառավարության գլխավոր մուտքից, բոլորը «ծլկեցին» տարբեր հետնամուտքերից: Իսկ Ա. Ալավերդյանը, նկատելով լրագրողներին, արագ փոխեց ճանապարհը՝ չնայած վերջիններս բարձրաձայնեցին, որ իրեն են սպասում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս