«Բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում: Դեկտեմբերի հինգին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, եւ դա նշանակում է, որ մենք արդեն պետք է պատրաստ լինենք մեր գործընթացներին»:
Տիգրան Սարգսյան slaq.am
Նախկինում խիստ եվրոպասեր, բայց վերջերս հանկարծակի «մաքսասեր» դարձած վարչապետը խառնվել է իրար ու ժրաջանորեն Մաքսային միությանն անդամագրվելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներ է տանում: Միանգամից լցվում է եռանդով, կազմակերպչական պոռթկումներով, մոռանում կիթառի մասին, երեւի միայն օֆշորի մասին չի մոռանում, քանի որ մաքսային Ռուսաստանը սովորաբար քաջալերում է քրեաօլիգարխիկ դրսեւորումները, «ատկատները», չարաշահումները, օֆշորային կոմբինացիաները: Այնպես որ, Մաքսահայաստանը վարչապետին ավելի ձեռնտու է. հետո ի՞նչ, որ ժամանակին եվրոպասեր է եղել:
«Եթե 2 մլն դոլար վարկի պարտք ունեմ, ե՞ս եմ հարուստ, թե՞ դուք: Ես դա վերցրել եմ ստադիոնը սարքելու համար: Կարայի չսարքեի, չէ՞»:
Աշոտ Աղաբաբյան «Հրապարակ»
Ասա՛ ով է փեսադ, ասեմ՝ ով ես դու. իհարկե, նման ժողովրդական ասացվածք դեռ չկա, բայց Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանի պատվին կարելի է հորինել: Վերջիվերջո, մեր երկրում ընդունված է աներձագներին սիրել, հատկապես եթե աներձագն էլ հարուստ գործարար է, ՀՀԿ-ական եւ համատեղության կարգով էլ պատգամավոր: Ինչ վերաբերում է «ստադիոնը» սարքելուն, ապա մարզադաշտն Աշոտ Աղաբաբյանին տրվել է հենց սարքելու եւ ոչ թե նրա համար, որ «տաբլոյի» վրա կենացներ գրի ու խմի: Ու ամենեւին էլ պետք չէ սեփական առաքելությունը մատուցել իբրեւ լավություն:
«Հավատում եմ Ձեր (Արթուր Գեւորգյանի) կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին եւ հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում…»:
Յուրի Վարդանյան
Սովորական հայաստանյան չափանիշներին համապատասխան պաշտոնյա դարձած նախկին լեգենդը, որը, ցավոք սրտի, չուզեցավ մնալ լեգենդ, նույն չափանիշներին համապատասխան, հավատարիմ է իշխանասեր նախարարի կեցվածքին, ընդ որում խնդիրներ ունեցող նախարարի: Հավատում է բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահի կամքի ուժին, վստահում է անձնային որակներին, մաղթանքներ է անում Արթուր Գեւորգյանին՝ Վլադիմիր Գասպարյանի փեսային: Ու, բնականաբար, այդ ո՞ւմ որդին թմրանյութեր փոխադրելու համար կալանավորված լիներ, ու նա նման ոգեւորությամբ չզբաղվեր ոստիկանապետի փեսայի գովքով:
Կարեն Վարդանյան