ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՊԱՐՏՔԵՐ

Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության համար Հայաստանին 60 մլն եվրոյի վարկ տրամադրելու նախագիծը: Գումարը կտրամադրվի տասներկու տրանշերով՝ հինգական միլիոն եվրոյով: Բացի այդ՝ նախատեսվում է 12 մլն եվրոյանոց գրանտ շնորհել ԵՄ հարեւանության ներդրումային գործիքի միջոցով` ֆիքսված տոկոսադրույքներով: Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագիրը ներկայումս ֆինանսավորում է Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը: Սակայն անհրաժեշտ են նաեւ այլ ներդրողներ` 967 մլն դոլար արժողությամբ այս նախագիծն ավարտին հասցնելու համար: Ինչպես տեսնում ենք, կառավարությունը շարունակում է տարբեր վարկային միջոցների ներգրավմամբ մեծացնել ՀՀ արտաքին պարտքը:

ԲԱ ՀՈՒԼԻՍԻՑ ՀԵՏՈ՞

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Սույն որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից նշված ժամանակահատվածի համար անապահով ընտանիքներից բնական գազի 75 խմ քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խմ-ի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խմ-ի համար՝ 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս): Առայժմ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու կառավարության մոտեցումը նույն անապահով ընտանիքների` հուլիսից հետո սպառած գազի սակագների գանձման հարցում:

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, եւ գործով մեղադրյալ Ժորա Բդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ընթացող նախաքննության փուլում նրա նկատմամբ կիրառվել է համաներում հայտարարելու մասին ԱԺ-ի որոշումը:




Լրահոս