ԽՃՃՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ապրիլի 24-ի առավոտյան Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի ծայրին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհից, հարվածել էր քարին ու շրջվել: Մեքենայի վարորդին` նոյեմբերյանի բնակիչ, 1975թ. ծնված Սասուն Խաչիկյանին, մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա, վարելով իրեն պատկանող ավտոմեքենան, ճանապարհային երթեւեկության անվտանգությանը հակասող գործողություններ է կատարել, որի հետեւանքով մեքենայի ուղեւորը՝ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սմբատ Գուլքանյանը, տեղում մահացել է: Իսկ ինքը` Ս. Խաչիկյանը, վթարի հետեւանքով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Պատահարից զոհված Ս. Գուլքանյանը Ս. Խաչիկյանի քենակալն էր: Ս. Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաքննության ընթացքում, վկաների տված ցուցմունքներով հիմնավորվել է, որ վթարի ենթարկված մեքենայի ղեկին եղել է ոչ թե դրա սեփականատեր Ս. Խաչիկյանը (նա վարորդի կողքի նստատեղին քնած է եղել), այլ Ս. Գուլքանյանը: 2 քենակալները մտերիմ էին, նրանք վաղ առավոտյան վերադառնում էին Իջեւան քաղաքից՝ Ս. Խաչիկյանի քեռու տնից: 2013թ. հուլիսի 4-ին Իջեւանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ս. Խաչիկյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: Նա խնդրել է ամբողջությամբ բեկանել Ս. Խաչիկյանի նկատմամբ կայացված դատավճիռը, Ս. Խաչիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայով նախատեսված հիմնական եւ լրացուցիչ պատիժների սահմաններում նշանակել համաչափ պատժաչափեր:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մ. Պետրոսյանի), վճռաբեկության կարգով քննության առնելով գործը, 2013թ. հոկտեմբերի 17-ին որոշել է մասնակիորեն բավարարել Աննա Մանթաշյանի վերաքննիչ բողոքը, բեկանել Ս. Խաչիկյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Իր հերթին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ս. Խաչիկյանի պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը: Նա վճռաբեկ բողոքում նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ընթացքում թույլ են տրվել իրավունքի կոպիտ խախտումներ: Գ. Հարությունյանը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը եւ բեկանել Ս. Խաչիկյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանի վճիռը` օրինական ուժ տալով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հուլիսի 4-ի դատավճռին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս